SPUTNIK Արմենիա. Հայաստանում սննդի ոլորտում աշխատող օտարերկրացիները նախնական բուժզննում են անցնում. ԱԱՏՄ

Երևանյան սննդի կետերում աշխատող օտարերկրացիները գնալով ավելանում են: Ամենից հաճախ այս ոլորտում աշխատանքի են անցնում հնդիկները։ ՀՀ–ում տարածվող վարակիչ հիվանդությունների ֆոնին Sputnik Արմենիան փորձել է պարզել` որ ստուգումներն են պարտադիր աշխատանքի անցնելու համար։

Հայաստանում սննդի սպասարկման ոլորտում աշխատանքի անցնելու համար բոլոր քաղաքացիները, այդ թվում օտարերկրացիները, աշխատանքի ընդունվելիս ենթարկվում են նախնական բժշկական զննության։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Ընդգծվում է, որ պարտադիր բժշկական զննությունը կատարվում է ՀՀ կառավարության կողմից 2003թ. մարտի 27-ին ընդունված` առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության կարգի համաձայն։

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ։ Վերահսկողությունն իրականացվում է ստուգումների և վարչական վարույթների շրջանակներում», – հայտնում է տեսչական մարմինը։

Միաժամանակ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ հանրային սննդի օբյեկտներում (այդ թվում խոհանոցներում) ստուգումներ անցկացնելու իրավասություն չունի: Նշված ոլորտում վերահսկողությունն իրականացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ):
 
Ավելին`   armenia.sputniknews.ru