Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչ մեկ հարթակում. կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը
Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. այս կարևոր հարցերի շուրջ 2024 թվականի սեպտեմբերի 17-20-ը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում հայրենիքում կհամախմբվեն սփյուռքի և Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն՝ ընդգծելով, որ Հայաստան-սփյուռք առողջ համագործակցության գլխավոր նախադրյալն անկեղծ երկխոսությունն է, որի շուրջ կհամախմբվեն Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցները։
Անդրադառնալով գագաթնաժողովի կարևորությանը՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովը նախ և առաջ ռազմավարական քննարկումների, փոխըմբռնման և լուծումների հարթակ է:
Այս տարի գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցչի՝ 800-ը՝ սփյուռքից, 200-ը՝ Հայաստանից:
«Գագաթնաժողովի օրակարգը ձևավորելիս մենք կազմավորել էինք մի քանի խորհրդատվական խմբեր, նրանց հետ համատեղ մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքում ձևավորվեց այսօրվա մեր գագաթնաժողովի ամբողջ տրամաբանությունն ու օրակարգը:
Գագաթնաժողովը տևելու է 3 օր։ Առաջին օրը նվիրված է անվտանգային խնդիրներին, երկրորդ օրը՝ կայուն զարգացմանը և դրա մեջ սփյուռքի ներգրավմանը, իսկ երրորդ օրն արդեն հայրենադարձության և սփյուռքի դիմակայության շուրջ են լինելու հանդիպումները: Ունենալու ենք ավելի քան 180 բանախոս՝ 20 երկրից», - ասաց Սինանյանը:
Հյուրերի ցանկում են Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Լեհաստանի և այլ պետությունների գործընկեր գերատեսչություններից ներկայացված պատվիրակություններ։ Բանախոսների մեջ ընդգրկված են տարբեր բնագավառներում ներգրավված մարդիկ՝ ԱՄՆ կոնգրեսականներ, նահանգային և տեղական պետական պաշտոնյաներ, ինչպես նաև ակադեմիական շրջանակներից բանախոսներ և համայնքներում ճանաչված, սիրված, հեղինակություն ունեցող մարդիկ։
«Իրականում առաջին գագաթնաժողովն առաջին քայլն էր, որի արդյունքում ձևավորվեցին նոր հարաբերություններ, նոր մոտեցումներ, իսկ մեր գործունեության մեջ առաջ եկան ճշգրտումներ, քանի որ մենք լսեցինք բազմաթիվ կարծիքներ, տեսակետներ և բարձրացված խնդիրներ, որոնցից եզրակացություններ արեցինք:
Ներհամայնքային մակարդակի վրա ձևավորվեցին նոր խմբեր և նոր համագործակցություններ։ Առաջին գագաթնաժողովի ժամանակ մենք ներկայացրինք սփյուռքի հանձնակատարների ինստիտուտի կոնցեպտը, իսկ այսօր արդեն ունենք մոտ երկու տասնյակ հանձնակատար՝ Եվրոպայի տարբեր երկրներում, այդ ցանկն աճում է:
Մենք դրեցինք հաջորդ երկու տարվա մեր աշխատանքի հիմքը, և այն, ինչ արել ենք վերջին երկու տարվա ընթացքում, համահունչ է եղել առաջին գագաթնաժողովի ամբողջ տրամաբանությանն և եզրակացություններին», - նշեց Սինանյանը։
Ըստ նրա՝ գագաթնաժողովները պետք է լինեն շարունակական, քանի որ նման հարթակները հնարավորություն են տալիս հասկանալու, թե որտեղ են խնդիրները, որտեղ կա բարելավման կարիք, ի՞նչն է լավ աշխատում, ընկալվում և ինչպե՞ս կարելի է իրավիճակը բարելավել:
Ավելին` armenpress.am