SPUTNIK Արմենիա. Բարձրաստիճան պաշտոնյան 41 հազար դրամով կգոյատևի՞ մեկ ամիս. Մանասերյան

Նվազագույն պարենային ու սպառողական զամբյուղների` Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները վրդովեցրել են «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին։

«Ես կուզեի, որ այդ 41 հազարը տային այսօրվա ցանկացած պաշտոնյայի, ով և՛ բարձր աշխատավարձ է ստանում, և՛ չհիմնավորված պարգևավճարներ, և ասեին` դրանով մեկ ամիս գոյատևեք», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են ներկայացրած թվերը արտացոլում Հայաստանում ամենահամեստ ծախսերով ապրելու համար անհրաժեշտ գումարի իրական չափը։

Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն` Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղը ամսական կտրվածքով կազմում է 41 657 դրամ։ Դրա մեջ հաշվարկված են մեկ անձին անհրաժեշտ քանակի հաց, միս, ձուկ, ձու, կաթնամթերք, ձեթ, միրգ, բանջարեղեն, կարտոֆիլ, շաքար և մարգարին։
Նվազագույն սպառողական զամբյուղը ամսական արժե 77 065 դրամ։ Բացի վերը նշված սննդամթերքից, սպառողական զամբյուղում հաշվարկված են նաև ծխախոտի, ալկոհոլայի և ոչ ալկոհոլային խմիչքների, բենզինի, դիզվառելիքի և էլեկտրաէներգիայի ծախսերը։
Թաթուլ Մանասերյանի հաշվարկով՝ 70-80 հազար դրամը պետք է լինի ոչ թե սպառողական, այլ պարենային նվազագույն զամբյուղի գինը` մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ սննդի չափաքանակ ձեռք բերելու համար։
Ինչ վերաբերում է սպառողական զամբյուղին, տնտեսագետը տարակուսում է` ինչպե՞ս կարող է սպառողական զամբյուղում կոմունալ ծառայություններից ներառված լինել միայն էլեկտրաէներգիան, կամ հաշվարկված չլինեն առողջապահական, տրանսպորտային ծախսերը։

Ավելին`   armenia.sputniknews.ru