Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը Հայաստանում կանցկացվի
Սեպտեմբերի 11-13-ը Հայաստանը հյուրընկալելու է ՄԱԿ Զբոսաշրջության (UN Tourism) կողմից կազմակերպվող հեղինակավոր «Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողով»-ը՝ կենտրոնական դիրք զբաղեցնելով գինու զբոսաշրջության միջազգային քարտեզի կենտրոնում։ Մոտ 40 երկրից 100-ից ավելի մասնակից գալու են Հայաստանում՝ բացահայտելու տեղի գինու պատմությունը, զբոսաշրջային հնարավորությունները։
ՀՀ էկոնոմիկայի Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանի խոսքով, ծրագիրը հագեցած է լինելու.«Համաժողովի պաշտոնական բացումից բացի, ունենալու ենք ճանաչողական ընդգրկուն ծրագիր… Փորձել ենք ընդգրկել հնարավորինս շատ տեղացի գինեգործների, ներկայացնել գինեգործական ժառանգությունը և կիսվել փորձով, ուսումնասիրել աշխարհի հնագույն գինեգործարանը՝ Արենի-1 քարանձավը»:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով՝ Հայաստանում գինեգործության ոլորտի զարգացման նպատակով նման խոշոր միջոցառումները կարևոր նշանակություն ունեն:
«Մեդիա ոլորտից մասնակից ներկայացուցիչների համար ունենք առանձին ծրագիր։ Նրանց օգնելու ենք բացահայտել Հայաստանի գինու զբոսաշրջային հնարավորությունները, գինեգործության ներուժը։ Սա կօգնի մեզ լայն ճանաչում ունենալ։»,-ասել է նա։