Որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի 5 տարվա աշխատանքային փորձի շեմն առաջարկվում է դարձնել 2 տարի

Նախատեսվում է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի՝ նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գործող գնահատողների առավել լայն շրջանակ:

Սեպտեմբերի 4-ի ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Հաջորդ առաջարկվող փոփոխությամբ նվազեցվել է ինքնակարգավորվող կազմակերպությունների լիազոր մարմնում հաշվառվելու համար անդամակցության տոկոսաչափը: Գործող օրենքով սահմանված է, որ ինքնակարգավորվող կազմակերպության կազմում 30 տոկոս մասնագետները  պետք է որակավորված լինեն, որպեսզի կազմակերպությունը կարողանա գրանցվել Կադաստրի կոմիտեում: Օրենքի ընդունումից հետո հաշվառվել է մեկը: Ըստ Սուրեն Թովմասյանի՝ որոշակի մրցակցություն եւ որակ ապահովելու համար 30 տոկոսի շեմն առաջարկվում է իջեցնել 10 տոկոս՝ հնարավորություն ընձեռելով մինչեւ հինգ կազմակերպության հաշվառվել Կադաստրի կոմիտեում:

Կոմիտեում նոր ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար սահմանվում է նոր ընթացակարգ՝ նպատակ ունենալով առավելագույնս արդյունավետ դարձնել վերջիններիս կողմից ծավալվող գործունեությունը: Նրանց գործունեությունը հիմնված կլինի հնգամյա ծրագրի վրա, որը պետք է հավանության արժանացած լինի լիազոր մարմնի կողմից եւ կառուցված լինի ՀՀ կառավարության կողմից հաստատված գործունեության միջոցառումների ծրագրի, լիազոր եւ այլ պետական մարմինների կողմից սահմանած եւ ոլորտին վերաբերելի ռազմավարությունների, ինչպես նաեւ ոլորտում առկա ժամանակակից ուղղությունների վրա: Յուրաքանչյուր տարի կազմակերպությունները կերկայացնեն ծրագրերի կատարողականի վերաբերյալ հատուկ հաշվետվություն:

Նախագծով գնահատողների համար կսահմանվի պարտականություն նախատեսված որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովների անդամ հանդիսանալու դեպքում ապահովելու ներկայություն հանձնաժողովների նիստերին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նշելով, որ ժամանակին արմատապես փոխվել է գնահատման  գործունեության հետ կապված օրենսդրությունը, հետաքրքրվել է, թե ինչ դրական տեղաշարժ կա համակարգում եւ ներկայիս առաջարկվող փոփոխություններով ինչ կարելի է ակնկալել: Սուրեն Թովմասյանի դիտարկմամբ առաջարկվող փոփոխությունները՝ մասնագիտական տարբեր հանրությունների առկայությունը, հանձնաժողովի ռոտացիոն համակարգը, թվային, էլեկտրոնային համակարգի ներդրումը միտված են համակարգի կատարելագործմանը:

Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախագծի վերաբերյալ մասնագիտական փորձաքննության եզրակացություն է ներկայացրել, որը բովանդակային առումով ընդունելի է եղել:

Նախագիծն արժանացել է դրական եզրակացության: