Մաքսային արտոնություն՝ ուղևորափոխադրում իրականացնողներին
Սեպտեմբերի 5-ի նիստում Հայաստանի կառավարությունն ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին միկրոավտոբուսների ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշում է կայացրել:
«Առաջարկում ենք ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին մաքսատուրքից ազատել երրորդ երկրներից միկրոավտոբուսների ներկրման դեպքում՝ հաշվի առնելով, որ տրանսպորտի ոլորտը համարվում է գերակա ճյուղ: Մի շարք արտոնություններ են սահմանված, բայց միկրոավտոբուսների դեպքում բացառություն կա, դրանք ներմուծման մաքսատուրքից ազատված չեն»,-այդ կապակցությամբ նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանըև հավելել, որ սրանով կխթանեն ներդրողների հետաքրքրությունը բիզնեսի այս ուղղության նկատմամբ:
Ընդունված գործելաոճ է, որ կառավարության սահմանած գերակա ուղղություններով ներդրումային ծրագրերի շրջանակում սարքերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից՝ հավելել է ՀՀ վարչապետը:
«Նման խնդիրների մասին մարզերում հաճախ են բարձրաձայնում: Մեր խնդիրն է, որ մարզի ներսում համայնքների միջև և մարզերի ու մայրաքաղաքի միջև լինի նորմալ տրանսպորտային հաղորդակցություն: Մենք տեսնում ենք, որ մարդիկ մրցույթներին կամ չեն մասնակցում, կամ մենաշնորհացման որոշակի վտանգներ են տեսնում: Հիմա ցանկանում ենք այս գործիքով ավելի գրավիչ դարձնել այդ ներդրումները, միայն թե այդ ոլորտում զարգացումներ տեղի ունենան»,- եզրափակել է նա: