Ֆրանսիայի նոր վարչապետ Միշել Բարնիեն խոստանում է արձագանքել ժողովրդի «զայրույթին»
Միշել Բարնիեն Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում իր առաջին ելույթում խոստացել է արձագանքել ժողովրդի «զայրույթին»։
Իր լիազորությունները ստանձնելիս, ելույթ ունենալով արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև կառավարության արդեն նախկին ղեկավար Գաբրիել Աթալը, Բարնիեն ասել է, որ կկենտրոնանա ֆրանսիացի ընտրողների դժգոհությունը առաջացնող մի շարք խնդիրների լուծման վրա:
«Խոսքը՝ մեր հնարավորության չափով մարտահրավերներին, զայրույթին, տառապանքին, լքվածության զգացմանը, անարդարությանն արձագանքելու մասին է, խնդիրներ որոնք չափազանց շատ են մեր քաղաքներում, արվարձաններում և գյուղերում», - ասել է նա։
Հանրապետականների աջակողմյան թևի վետերանը երկար քաղաքական ուղի է անցել՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ՝ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ԵՄ-ում:
73-ամյա Բարնիեն Brexit-ի հարցով ԵՄ-ի նախկին գլխավոր բանագնացն է, բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի կառավարության հետ 2016-ից 2019 թվականներին:
Նա կանգնած է դժվարին խնդրի առաջ, պետք է կարողանա կառավարություն ձևավորել այն պայմաններում, երբ Ազգային ժողովում երեք մեծ քաղաքական դաշինքներից ոչ մեկը չի կարողանում հստակ մեծամասնություն կազմել:
Աղբյուրը` hy.armradio.am