Քննարկվել է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափի վերանայմանն առնչվող նախաձեռնությունը

Կառավարության հեղինակած նախաձեռնությունն առնչվում է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափի վերանայմանը:

Դեռեւս 2020 թվականի ապրիլից կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները վերացնելու նպատակով գործադիրն օրենքով վերանայել է տույժի դրույքաչափը` օրական 0.075 տոկոսից փոխելով 0.04 տոկոսի:  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով` հաշվի առնելով այն փաստը, որ վերացել են 2020 թվականին առկա հանգամանքները, ինչպես նաեւ այն, որ տույժի չափը համադրելի չէ, օրինակ, կազմակերպությունների կողմից բիզնես վարկերի համար վճարվող տոկոսաչափերին` Կառավարությունն առաջարկում է 2025 թվականի հունվարի 1-ից օրական տույժը կրկին սահմանել  0.075 տոկոսի չափով:

Զեկուցողի խոսքով նախաձեռնությամբ առաջարկվում է, որ հարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով Կառավարությունը կարող է սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր, դրանց իրականացման կարգը եւ ժամկետները:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորը, ողջունելով նախաձեռնությունը, կոչ է արել կողմ քվեարկել:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: