Նախկին վարչապետ. Հայաստանը չի կարող առանց ատոմային էներգիայի.Արմինֆո

Ընթացիկ տարվա սեպտեմբերի կեսերին ՀՀ կառավարությունը պետք է հաստատի իր իսկ 2024 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ ստեղծված "Նոր ատոմային էներգաբլոկի շինարարություն" ՓԲԸ-ի կանոնադրությունը և ղեկավար կազմը։

Նախագծի հեղինակների մտահղացմամբ՝ նոր ընկերությունը կհամապատասխանի ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) չափանիշներին: Նրա խնդիրն է լինելու անցկացնել բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների համեմատական ուսումնասիրություն և ներկայացնել տեխնիկատնտեսական հիմնավորում, որի հիման վրա երկրի կառավարությունը վերջնական որոշում կկայացնի նոր բլոկի տեսակի վերաբերյալ։ Ընկերությունը պետք է նաև բանակցություններ վարի և պատրաստի փաստաթղթեր՝ կապված նոր ատոմային էներգաբլոկի կամ Էներգաբլոկների կառուցման, ֆինանսավորման, տնօրինման և շահագործման հետ՝ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին օրենքի ընդունումից հետո: Նա նաև պետք է կառավարի, կազմակերպի և պատասխանատվություն կրի նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար, այսինքն՝ լինի նախագծի կատարողը։

Կախված վերը նշված աշխատանքների փուլերից` ՓԲԸ-ն պետք է համալրվի համապատասխան անձնակազմով, իսկ հետագայում դառնա կայանի օպերատոր' նոր բլոկի կառուցման ավարտից հետո: Մոտավոր գնահատմամբ՝ 2024 թվականի նախապատրաստական փուլում ընկերության ստեղծմանը և գործունեությանը կուղղվի շուրջ 200 մլն դրամ, իսկ հետագա տարիներին՝ 800-ական մլն դրամ:

Հաշվի առնելով ՄԱԳԱՏԷ - ի հանձնարարականները՝ նման նախագծի իրականացման համար անհրաժեշտ է տարբեր բնագավառների (Էլեկտրաէներգետիկա, միջուկային ֆիզիկա, շրջակա միջավայրի պահպանություն, կրթություն, քաղաքաշինություն և այլն) 50-60 բարձր որակավորում ունեցող մասնագետների հաստիք: "Մենք կարծում ենք, որ տվյալ կազմակերպության ստեղծումից և համապատասխան անձնակազմի հավաքագրումից հետո, 1,5-2 տարվա ընթացքում այն կկարողանա կառավարությանը հիմնավոր առաջարկություն ներկայացնել տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ ։ Պետք է նշել, որ այդ ճանապարհով են գնացել ատոմային նոր էներգաբլոկներ կառուցող բոլոր երկրները (ԱՄԷ, Ռումինիա, Եգիպտոս, Թուրքիա, Բանգլադեշ և այլն)", - ավելի վաղ նշել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Մինչդեռ ընկերության ստեղծման մասին որոշումից մի քանի օր անց, ԱՄՆ-ում հաստատել են "123 համաձայնագրին" միանալու Երեւանի հայտի առկայությունը, որի համաձայն, փաստաթղթին հավանության դեպքում Հայաստանը կարող է հասանելիություն ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներին: Նշվել էր, որ հանրապետության միանալն այդ համաձայնագրին կարող է ճանապարհ բացել ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ նոր ԱԷԿ-ի նախագծման և կառուցման համար, որը կփոխարինի խորհրդային տարիներին կառուցված Հայկական ատոմային էլեկտրակայանին:

Հետաքրքրական է, որ Երևանի և Վաշինգտոնի նախաձեռնության մասին բարձրաձայնվել է "Ռոսատոմ"-ի զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի այն հայտարարությունից ընդամենը երեք ամիս անց, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին առաջարկել տարբեր հզորությունների ատոմային էներգաբլոկներ։ "Հայաստանում ԱԷԿ-ի հաջորդ բլոկի հետ կապված հարցն, անշուշտ, ՀՀ կառավարության որոշումն է։ Կարող եմ ասել, որ կան տարբեր կանխատեսումներ, թե որքան հզորություն կպահանջվի ԱԷԿ-ի էներգաբլոկին։ Ես շփվում եմ էներգետիկայի ոլորտում մեր գործընկերների հետ, տարբեր կարծիքներ կան, որ Հայաստանը ևս շահագրգռված է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորի կառուցմամբ, հատկապես, եթե հնարավոր լինի մասնակի արտահանում ապահովել հարևան երկրներ, օրինակ՝ Վրաստան։ Ուստի սա խնդիր է, որը պետք է լուծի Հայաստանի ղեկավարությունը", - ընդգծել է Կիրիլ Կոմարովը։

Այս ֆոնին Հայաստանի փորձագիտական հանրությունում լուրջ քննարկումներ են ծավալվել այն մասին, թե ինչ հզորության, դիզայնի եւ որ պետության բլոկ է անհրաժեշտ հանրապետությանը՝ փոքր մոդուլային ռեակտորով, թե՞ ավելի մեծ հզորությամբ։

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի կառավարության նախկին ղեկավար Հրանտ Բագրատյանը, որի վարչապետության շրջանում որոշում է ընդունվել Հայկական ԱԷԿ-ի N2 էներգաբլոկի վերագործարկման մասին, որը թույլ է տվել երկրին հաղթահարել սուր էներգետիկ ճգնաժամի հետևանքները, հաղորդել է, որ Հայաստանն, ամեն դեպքում, չի կարող  առանց ատոմային էներգետիկայի: Հիմնավորելով իր դիրքորոշումը՝ նախկին վարչապետը հիշեցրել է, որ 1995թ. նոյեմբերին ՀԱԷԿ-ի վերագործարկումից հետո հաջողվել է լուծել բազմաթիվ խնդիրներ. դադարել են հովհարային անջատումները, դադարեցվել է Սևանա լճից անխնա ջրառը, անտառների անվերահսկելի ոչնչացումը: Այս բոլոր քայլերը թույլ են տվել երկրին ավելի հանգիստ մթնոլորտում բռնել կայուն տնտեսական զարգացման ուղին։

Նոր ատոմային էներգաբլոկի անհրաժեշտության շուրջ ծավալված քննարկումների ֆոնին նախկին վարչապետը մատնանշել է նավթի եւ գազի պաշարների զգալի կրճատումները, որոնք, բացի այդ, բավականին թանկ արժեն միջուկային վառելիքի համեմատ: Ընդ որում, ատոմային հզորությունները էներգիայի այլընտրանքային աղբյուրներով, այդ թվում՝ արեւի եւ քամու էներգիայով փոխարինելու հնարավորությունները, որոնց մասին շատ է խոսվում հայ հասարակության շրջանում, Հրանտ Բագրատյանն անտեղի է համարել, քանի որ խոսքը պետք է գնա բազիսային հզորությունների մասին, որոնք վերականգնվող եւ այլընտրանքային էներգիայի աղբյուրները, պարզապես, չունեն: "Իհարկե, ատոմային էներգետիկան հեռանկարներ ունի երկրում, բայց հարցն այն է, թե ինչպես տնօրինել այն, հատկապես, եթե խոսքը վերաբերում է վառելիքին, որի պաշարները մեծապես գերազանցում են նավթի եւ գազի պաշարները։ Վերջին շրջանում շատ է խոսվում ջերմամիջուկային Էներգետիկայի մասին, ես մասնագետ չեմ, բայց հնարավոր է, որ այն փոխարինի ատոմային էներգետիկային, սակայն դա հեռավոր հեռանկարի հարց է", - ասաց նախկին վարչապետը։

Նա հավելել է, որ ատոմակայանների ռուսական տեխնոլոգիաները շատ արդյունավետ են, ինչի վկայությունն է Հայկական ԱԷԿ-ի ներկայումս գործող էներգաբլոկը, որտեղ շահագործման 29 տարվա ընթացքում 1995թ. վերագործարկումից հետո ոչ մի արտակարգ դեպք տեղի չի ունեցել:

Ինչ վերաբերում է փոքր մոդուլային ատոմակայաններին, ապա, ինչպես ընդգծել է Բագրատյանը, դրանց առաջին նմուշները կառուցել են ռուսներն ու չինացիները, այլ ոչ թե՝ ամերիկացիները։ "Ասեմ ավելին, որքան ինձ հայտնի է, ամերիկացիներն այսօր դեռ չունեն գործող փոքր մոդուլային բլոկներ, բացի այդ, հայտնի է նույնիսկ տնտեսական նկատառումներով տնային շուկայում պլանավորված պիլոտային նախագծի չեղարկման մասին, իսկ ահա Ռուսաստանն արդեն պայմանագրեր է ստորագրել Ուզբեկստանում փոքր հզորության ռեակտորների կառուցման վերաբերյալ եւ նմանատիպ բլոկ է կառուցում իր մոտ՝ Յակուտիայում", - նշել է նախկին վարչապետը:

Նա նկատել է, որ փոքր մոդուլային ռեակտորներով էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը շատ բարձր է, 2024 թվականի գներով այն կազմում է ավելի քան 8 հազար դոլար մեկ կվտ սահմանված հզորության համար։

Ավելին`   finport.am