Աշխատանքային պայմանագրերը կթվայնացվեն

Աշխատանքային պայմանագրերը կթվայնացվեն: Նոր փոփոխությունների կիրարկումը փուլային է լինելու, կամավոր սկզբունքով այն կներդրվի 2025 թվականի հուլիսի 1-ից։
2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր կլինեն աշխատանքային պայմանագրերի թվայնացումն ու էլեկտրոնային ստորագրությունը։ Նախատեսվում է, որ բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես թվային համակարգի միջոցով. ՊԵԿ-ի կայքում թվային պայմանագրերի համակարգ կներդրվի, որտեղ կգեներացվի աշխատանքային պայմանագիր ու համապատասխան հայտ կլրացվի։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով, սրանով կառավարությունը մտադիր է բարձրացնել աշխատանքային իրավունքների պաշտպանության մակարդակը:
«Կիրարկումը փուլային է լինելու: Հաջորդ տարվա հուլիսի 1-ից կամավոր սկզբունքով կլինի կնքումը։ 2026-ի հունվարի 1-ից արդեն բոլորի համար պարտադիր կլինի աշխատանքային` իրենց պայմանագրերի կնքումը և ստորագրումը միայն թվային հարթակում։ Որևէ թղթային տարբերակ նախատեսված չէ, և բոլորը մշտապես կունենան հասանելիություն իրենց պայմանագրերի վերաբերյալ»,– նշել է նա։