Կայացել է «Գինի և արհեստներ» փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացվել է Արհեստների միջազգային երրորդ փառատոնը՝ «Գինի և արհեստներ» խորագրի ներքո, որով նաև տրվել է Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը մեր երկրում:
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է․ «Ժողովրդական արհեստները մեր մշակութային ժառանգության կարևորագույն բաղադրիչն են: Տաղավարներով շրջելով՝ համոզվում ենք, որ խոսում ենք ոչ միայն մշակութային շատ կարևոր ժառանգության, այլև այսօրվա մշակութային կարևոր ներկայության մասին: Արհեստները մշտապես արդիական են․ դրանց միջոցով շաղկապվում են անցյալն ու ներկան՝ կամուրջ ապահովելով ապագայի համար»։
Նա ընդգծել է պետության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, արհեստների հանրային տեսանելիության և արհեստներով զբաղվող վարպետների ճանաչելիության բարձրացմանը:
Փառատոնին ներկա են գտնվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը, արհեստագործ վարպետներ Հայաստանից և արտերկրից: