Մարզերում աշխատանքների մասին՝ համառոտ
Ձեզ ենք ներկայացնում համառոտ տեղեկատվություն Արագածոտնի և Շիրակի մարզերում կատարվող աշխատանքների մասին։ Համաձայն պաշտոնական հրապարակումների․
- Գազաֆիկացվում են Աշտարակ համայնքի 5 բնակավայրերի մի շարք փողոցներ։ 49 մլն 848 հազ դրամի ներդրմամբ՝ կապույտ վառելիքը այս տարի կհասնի Աշտարակ, Բյուրական,Սասունիկ, Ուջան, Ղազարավան բնակավայրերի տասնյակ բնակիչների տներ։
Կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրկանացվող ծրագրի արժեքի 45 %-ը կամ 22 մլն 431 հազ դրամը վճարել է Կառավարությունը, իսկ 55 %-ը կամ 27 մլն 417 հազ դրամը Աշտարակի համայնքապետարանի հատկացումն է։
Աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, այս պահի դրությամբ անցկացված են գազատար խողովակները, բնակիչներին գազը հասանելի կլինի տարեվերջին։
- Կառավարություն-համայնք գործակցությամբ ասֆալտապատվում են Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի և 27 բնակավայրերի ներհամայնքային փողոցները։ Աշխատանքները կատարվում են Աշտարակ, Արտաշավան, Բազմաղբյուր, Կարբի, Ղազարավան, Նոր Երզնկա, Ուշի, Սաղմոսավան, Սասունիկ, Փարպի, Օհանավան, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Բյուրական, Լեռնարոտ, Կոշ, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ուջան, Տեղեր, Օշական, Օրգով բնակավայրերում։
Ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլրդ 249 մլն 721 հազ դրամ է։ Համաֆինանսավորվող ծրագրում 65 %-ը կամ 2 մլրդ 112 մլն 318 հազ դրամը համայնքի ներդրումն է, իսկ 35%-ը՝ 1 մլրդ 137 մլն 403 հազ դրամը Կառավարության կողմից հատկացվող գումարի չափն է։
- 2024 թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ագարակավան,Կաքավաձոր, Աշնակ, Մաստարա, Կաթնաղբյուր, Արտենի բնակավայրերում իրականացվում են խմելաջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 590 մլն 96 հազ դրամ է։ Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում Կառավարության հատկացումը 65 % է կամ 383 մլն 562 հազ դրամ, համայնքինը՝ 35 % կամ 206 մլն 533 հազ դրամ։
- Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրում ասֆալտապատվում է Սբ. Աստվածածին տանող ճանապարհը։
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 27 մլն 821 հազար դրամ է, գումարի շրջանակներում ասֆալտապատվելու է 257 մ ճանապարհ։ Կառավարությունը հատկացնելու է գումարի 45 տոկոսը։ Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Ա.Ա.Մ.33» ՍՊԸ կողմից։
Բարեկարգվելու և ասֆալտապատվելու է նաև եկեղեցու հարակից բակը:
- Նորոգվում է Վահրամաբերդից Մարմաշենի վանական համալիր տանող ավտոճանապարհը, բարեկարգվում համալիրի տարածքը։Մարմաշենը Շիրակի մարզի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ մոտ 664 միլիոն դրամ։