Աղասի Թավադյան. Կապիտալի ներհոսքից մինչև արտահոսք. Հայաստանի տնտեսական հրաշքի ներքին խոհանոցը
Ձեզ ենք ներկայացնում տնտեսագետ Աղասի Թավադյանի վերլուծությունը՝ որոշ կրճատումներով:
2022 թվականն աննախադեպ էր ֆիզիկական անձանցից դեպի հայկական բանկեր փոխանցումների աճի առումով. դրանք աճել են 2,5 անգամ՝ 2,1 մլրդ դոլարից հասնելով 5,2 մլրդ դոլարի։ 2022 թվականին արտարժույթի ներհոսքը բանկային համակարգ աճել է 2,5 անգամ, իսկ արտահոսքը՝ 2.1 անգամ։ Զուտ ներհոսքը 2022 թվականին աճել է գրեթե 3 անգամ՝ 0.9 մլրդ դոլարից մինչև 2.9 մլրդ դոլար։ Այս աճը հիմնականում պայմանավորված է եղել Ռուսաստանից ստացված բանկային փոխանցումներով, որոնք քառապատկվել են՝ 865 մլն դոլարից հասնելով 3,6 մլրդ դոլարի։ Արդյունքում Հայաստան է փոխանցվել զգալի գումար՝ հիմնականում դոլարով, ինչը հանգեցրել է դոլարի առաջարկի աճին, ինչպես նաև նպաստել 2022 թվականի ապրիլ-հունիսին գրանցված դրամի ամրացմանը, երբ դոլարը 480 դրամից դարձավ 405 դրամ։
Կապիտալի այսպիսի մեծ ներհոսքի արդյունքում Հայաստանի առևտրային բանկերը 2022թ-ին արձանագրել են 255.6 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը շուրջ 3 անգամ ավել է, քան նախորդ տարի: Ամենամեծ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 62.2 մլրդ դրամ: Այսինքն բանկային համակարգը 2022 թվականին արձանագրել է 0.58 մլրդ դոլարի շահույթ։ Քանի որ Հայաստանում գործում է եկամտային հարկի վերադարձի օրենքը բանկային համկարգ մտած դրամական միջոցները հիմնականում ներդրվեցին շինարարություն։ Ինչպես մենք ցույց ենք տվել 🐅🌆💸 Հայաստան` Կովկասի վագր, թե՞ թանկ երազանք հետազոտությունում, 2022 թվականի 12.6 տոկոս տնտեսական աճի գրեթե կեսը պայմանավորված է եղել ֆինանսական գործունեությամբ, որը կապիտալի ներհոսքին զուգահեռ փուչիկի պես աճել է, որից հետո՝ կապիտալի ներհոսքի դանդաղման և արտահոսքի արդյունքում, անկում է գրանցել։
2023 թվականի կտրվածքով բանկային փոխանցումները գրանցել են 9.7 տոկոս աճ՝ 2022 թվականի զգալի 2,5 անգամ աճի համեմատ: Տարեկան 9.7 տոկոս աճը առաջին հայացքից վկայում է աճի մասին, սակայն եթե դիտարկենք ամսական կտրվածքը (գծապատկեր 2), ապա հստակ երևում է, որ 12-ամսյա դրամական փոխանցումների պիկային կետը գրանցվել է 2023 թվականի մայիսին՝ 6.4 մլրդ դոլար, որը 11 տոկոսով պակաս է տարեվերջյան 5.7 մլրդ դոլար դրամական ներհոսքի ցուցանիշից։ Բանկային համակարգից դուրս եկած գումարները աճել են 55 տոկոսով՝ հասնելով 4 մլրդ դոլարի։ Զուտ ներհոսքը կրճատվել է 36 տոկոսով՝ 2.6 միլիարդից մինչև 1.6 միլիարդ դոլար։ Կապիտալի ներհոսքի կրճատումը և արտահոսքի աճը գրանցվել է մինչև 2024 թվականի կեսերը։ Այս պահին իրավիճակը կայունացել է։ Ակնկալվում է, որ 2024 թվականին կապիտալի ներհոսքը կազմելու է մոտ 5.4 մլրդ դոլար, որը մոտ 6 տոկոսով պակաս է լինելու նախորդ տարվա ցուցանիշից։
Կապիտալի ներհոսքը հիմնականում գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, երկրորդ տեղում է ԱՄՆ-ն։ Կապիտալի արտահոսքը ունի ավելի դիվերսիֆիկացված պատկեր։ Չկա մի հստակ պետություն, որտեղ կապիտալը արտահոսում է Հայաստանից։
Կապիտալի արտահոսքի մեջ նկատվում է Արաբական Միացյալ Էմիրությունների զգալի աճը, որն այս պահին Հայաստանից կապիտալի արտահոսքի տեսանկյունից զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ 17.5 տոկոս մասնաբաժնով (2024 թվականի հունվար-հուլիս դրությամբ 393 միլիոն դոլար)։ Սա համահունչ է նաև այն փաստի հետ, որ այս պահին Հայաստանի արտահանման գրեթե կեսը գնում է ԱՄԷ, որը ոսկու և ադամանդների վերաարտահանումն է Ռուսաստանից դեպի ԱՄԷ (️ Ոսկե Պատրանք. Հայաստանի արտահանման իրական պատկերը)։ Կարելի է ենթադրել, որ ոսկու վերաարտահանումից ստացված հասույթը դուրս է գալիս նաև ԱՄԷ, որի արդյունքում այս ուղղությամբ ունենք կապիտալի արտահոսքի աճ։ Քանի որ ոսկու վերաարտահանումը ունի ժամանակավոր բնույթ, այս ուղղությամբ դրամական արտահոսքն էլ կարող է ունենալ ժամանակավոր բնույթ։
Ինչպես երևում է երրորդ գծապատկերից, կապիտալը արտահոսում է տարբեր պետություններ, որոնց շարքում են նաև Շվեյցարիան, Մոնակոն, Իսպանիան, Սինգապուրը, Միացյալ Թագավորությունը։
Մեր կողմից ուսումնասիրված տվյալներից շատերի մեջ առկա են տնտեսական հնարավոր անկման նախանշաններ։ Այդ ցուցանիշներից մեկն այլ պետություններից ստացվող բանկային համակարգի միջոցով դրամական փոխանցումներն են՝ կատարված ֆիզիկական անձանց կողմից։ 2023 թվականի կեսից սկսված կապիտալի արտահոսքի շարունակությունը ներկայացնում է որոշակի ռիսկ բանկային համակարգի զուտ շահույթի ապահովման և առողջության տեսանկյունից։ Սա, ոսկու վերաարտահանման հետ մեկտեղ, մարտահրավեր է մեր տնտեսության համար, և չպետք է թույլատրել, որ նախորդ 2 տարիներին հիմնականում Ռուսաստանից կապիտալի ներհոսքով ապահովված զգալի տնտեսական աճը մթագնի իրական պատկերը։ Անհրաժեշտ է ռեալ գնահատել մեր տնտեսական հնարավորությունները։
Հոդվածն ամբողջությամբ