New City Projects-ը կվերակառուցի Ծաղկաձորի գլխավոր հրապարակը՝ որպես ժամանցի գրավիչ վայր
New City Projects ընկերության կողմից ժամանակակից ոճային լուծումներով վերակառուցման արդյունքում Հայաստանի զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձորի գլխավոր՝ Ծաղկունյաց հրապարակը շուտով զբոսաշրջիկներին ու տեղի բնակիչներին կներկայանա որպես ժամանցային գրավիչ վայր։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ծաղկունյաց հրապարակի վերակառուցման վերաբերյալ համագործակցության հուշագրի ստորագրումը New City Projects-ի գործառնական տնօրենի և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին հրապարակում կազմակերպված բացօթյա հանդիսավոր միջոցառմանը, որի շրջանակներում ներկայացվեց նաև ճարտարապետական նախագիծը։
Լրագրողների հետ ճեպազրույցում New City Projects ընկերության գործառնական տնօրեն Գեղամ Կիրակոսյանը նշեց, որ Ծաղկունյաց հրապարակի վերակառուցման գաղափարը ծնվել է Պալլադա բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման ընթացքում։
«Մեր նախագծող թիմի հետ կարողացանք ստանալ արդիական, նորացված նախագիծ, որը ներկայացնելու ենք հանրությանը։ Վերակառուցումը վերաբերելու է ամբողջ հրապարակի ներքին հատվածին․ կառուցվելու են ջրային, սահադաշտի հատվածներ։ Ամբողջ հրապարակը նորից կանաչապատվելու է։ Ժամանակակից լուսատուներով ստեղծվելու է նոր լուսավորության համակարգ։ Փորձելու ենք մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար շատ հետաքրքիր և հաճելի վայր ստանալ»,- ասաց Կիրակոսյանը։
Նրա տեղեկատվությամբ՝ վերակառուցման աշխատանքները մեկնարկելու են հուշագրի ստորագրումից հետո: Կախված եղանակային պայմաններից՝ այդ աշխատանքները սեղմ ժամկետներում ավարտին կհասցվեն։
Անդրադառնալով հրապարակի հարևանությամբ կառուցվող Pallada բնակելի համալիրին՝ ընկերության գործառնական տնօրենը մանրամասնեց, որ 8 մասնաշենքից բաղկացած 9-15 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիրի յուրաքանչյուր բնակարան կարող է ծառայել նաև որպես հյուրանոցային համար` դառնալով կայուն եկամուտի աղբյուր։
Ավելին` armenpress.am