Հայաստանին պետք է մոդուլյար ատոմակայան
Հայաստանին պետք է մոդուլյար ատոմակայան, որ ՀՀ-ի և հարևան երկրների համար սպառնալիք չգնահատվի
Նոր ատոմակայանի կառուցման համար ՀՀ-ն, բացի ՌԴ-ից, առաջարկներ է սպասում նաև Հարավայից Կորեայից, Չինաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից։ Այս մասին Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կարող է գնահատական տալ նոր կառուցվող ատոմակայանի թե՛ հզորության, թե՛ հետագա խնդիրների վերաբերյալ։
«Դա ընդհանուր առմամբ մեծ նախագիծ է, որ պահանջում է բավականին լուրջ ուսումնասիրություն թե՛ իր էներգետիկ հզորությունների առումով, թե՛ տեղակայման տեղանքի ընտրության առումով։ Այս պահին թե՛ «Ռոսատոմի», թե՛ մյուս պետությունների հետ, որոնք նոր ատոմակայաններ կառուցելու փորձ ունեն, աշխատանքներ ու քննարկուներ են անցկացվում։ Մեր նպատակն է՝ ստանանք ժամանակակից ու անվտանգ, գնային առումով էլ մրցունակ կայան»,- նշեց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ նոր ատոմակայանի կառուցման ավարտը, սովորաբար, հաշվարկվում է աշխատանքների մեկնարկից 8-12 տարի, որն իր մեջ ներառում է նախագծային և շինարարության փուլերը, ինչպես նաև հետագայում գործարկման փուլը։
«Սա կայան է ոչ թե 10, 20 տարվա համար, այլ մեր ապագա սերունդների համար, ու մինչև 100 տարի աշխատանքային ռեսուրս այն պետք է ունենա։ Մինչև 1000 ՄՎտ հզորության ռեակտորի մասին է խոսքը գնում»,- ասաց նա։
Թե ինչ տեսքով կլինի նոր ատոմակայանը՝ ստացիոնար, թե մոդուլյար ռեակտորով, Մարտիրոսյանը նշեց, որ այդ ընտրությունը դեռևս կատարված չէ։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա