Լոռու մարզպետի աշխատակազմ. վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է

 

Շարունակվում է Լոռիում աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման համար դիմումների ընդունման գործընթացը: Համայնքային հանձնաժողովները տուժած քաղաքացիներից արդեն ընդունել են ավելի քան 102 դիմումներ, որոնք ներկայացվում են Լոռու մարզպետի աշխատակազմին:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։

Նշենք, որ 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումներից Լոռու մարզում տուժել է ընդհանուր 166 տրանսպորտային միջոց, որից 4-ը գետը քշել է (կորսված):

 ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով տրանսպորտային միջոցի կորստի դեպքում փոխհատուցման ենթակա գումարի չափը, իսկ վնասվածության դեպքում՝ վնասվածության աստիճանը և դրա հիման վրա փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշվելու է ԱՊՊԱ ոլորտում շարժական գույքին պատճառված վնասները գնահատող համապատասխան որակավորված փորձագիտական կազմակերպությունների կողմից:

Կատարված փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ կերաշխավորվի տրանսպորտային միջոցի ձեռքբերման կամ դրա վերանորոգման համար բավարար չափի փոխհատուցման տրամադրումը:

Տրանսպորտային միջոցին պատճառված վնասի փոխհատուցման դեպքում, մարզպետի աշխատակազմի կողմից, փոխհատուցման ամբողջ արժեքը՝ դիմումի հաստատումից հետո փոխանցվելու է շահառուի բանկային հաշվին։