Հայաստանը ներդրումային միջավայրի առումով դարձել է շատ ավելի գրավիչ և հարմարավետ երկիր․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 6,5 տոկոս, իսկ հինգ տարի հետո երկրի համախառն ներքին արդյունքը 50 տոկոսով կավելանա և տասը տարվա կտրվածքով կկրկնապատկվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարը հայտարարեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովի «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագիրը կրող պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանում վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճին։

Նախարարը նշեց, որ 2022-2023 թվականներին Հայաստանն իր տնտեսական աճի տեմպերով եղել է աշխարհում առաջատար տասնյակում, և այս տարի ևս կա աճի բարձր տեմպ, ինչի արդյունքում այս տարի ևս կլինի առաջատար երկրների շարքում։

«2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, 2023 թվականին` 8,3 տոկոս, որն աշխարհում տնտեսական աճի տեմպով եղել է 4-րդը, իսկ Եվրոպայում՝ առաջինը։ Այս տարի առաջին կիսամյակում մեր տնտեսական աճը 6,5 տոկոս է կազմում», - նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարությունը խոստացել է ունենալ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ, ինչը նշանակում է, որ հինգ տարի հետո ՀՀ համախառն ներքին արդյունքը 50 տոկոսով կավելանա և տասը տարվա կտրվածքով կկրկնապատկվի։

Պապոյանն ասաց, որ չնայած Կառավարության թիրախն այս տարվա համար տնտեսական աճի 7 տոկոսն է, այդուհանդերձ, նա վստահություն հայտնեց, որ երկիրը շատ մոտ է ՀՆԱ-ն 50 տոկոսով ավելացնելու ցուցանիշին։

«Սա նշանակում է, որ մենք մեր խոստումից ավելի բարձր տնտեսական աճ կունենանք», - նշեց Պապոյանը։

Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունը մի քանի տասնյակ տնտեսական աջակցության ծրագրեր ունի և գրեթե չկա տնտեսական գործունեության ոլորտ, որտեղ անհատը ցանկանա ներդրում կատարել և Կառավարությունը նրա հետ միասին չանի այդ ներդրումը։

«Հայաստանը ներդրումային միջավայրի առումով դարձել է շատ ավելի գրավիչ և հարմարավետ երկիր, Հայաստանում նաև շատ անվտանգ են ներդրումները», - եզրափակեց նա։

Աղբյուրը՝ Արմենպրես