ՀՀ քաղաքացի դառնալուց հետո ևս Արցախից տեղահանվածները կօգտվեն 40+10 հազար դրամ աջակցությունից
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում Արցախից տեղահանվածների՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության տրամադրման գործընթացը չի դադարեցվում։
Ինչպես հայտնում են ՀՀ Աշխատանքի և սսոցիալական հարցերի նախարարությունից, անկախ ՀՀ քաղաքացիություն ստանալու հանգամանքից՝ նրանց շարունակելու են համարվել տվյալ միջոցառման շահառու, եթե բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին։
Նախարարությունից միաժամանակ տեղեկացրել են, որ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի ավարտը 2024 թ․ դեկտեմբեր ամիսն է։ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների մշտական բնակության նպատակով՝ իրականացվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որին նրանք կարող են դիմել https://housing.socservice.am/ հղմամբ։
Դրանից զատ, ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել 2025 թ․ ընթացքում որոշակի ժամկետով դրամական աջակցություն տրամադրելու միջոցառում՝ ԼՂ–ից բռնի տեղահանված հատուկ և առանձին խմբերի համար։