Հայաստանի դրամաշրջանառության պատմության ցուցահանդես Կողբում

Սեպտեմբերի 21-ին, Նոյեմբերյան խոշորացված համայնքի Կողբ գյուղի «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ում բացվեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը:
Հովհաննես Խաչատրյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, իր ողջույնի խոսքում անդրադարձավ անկախության 33-րդ տարեդարձին և կարևորեց ազգային արժույթի՝ դրամի դերը Հայաստանի ֆինանսական կայացման գործում:
Արսեն Աղաբաբյանը, Նոյեմբերյան համայնքի համայնքապետը, ընդգծեց ցուցահանդեսի նշանակությունը համայնքի բնակիչների համար՝ հավելելով, որ նրանք ակտիվորեն կմասնակցեն կազմակերպվող միջոցառումներին։
Ցուցահանդեսի առաջին այցելուները շրջեցին ցուցադրության սրահներում՝ ծանոթանալով պատմական և ժամանակակից դրամներին, Կենտրոնական բանկի գործունեությանը, իսկ երեխաների համար տեղի ունեցավ Արփի Մաղաքյանի «Տիգրան Մեծի հեքիաթը» գրքի շնորհանդեսը։
 Կենտրոնական բանկը շարունակաբար կազմակերպում է նմանատիպ ցուցահանդեսներ ՀՀ տարբեր մարզերում՝ ներկայացնելով հայկական դրամի պատմությունը և նրա կարևորությունը: