10 հայ դիզայներներ իրենց ապրանքանիշով և բացառիկ ստեղծագործություններով ներկայացել են հեղինակավոր WHITE Show Milano-ում

Անցյալ շաբաթ հագուստի և զարդերի հայ դիզայներները Միլանի ուշադրության կենտրոնում էին: Այս մասին տեղեկացնում են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ)։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ 10 տաղանդավոր հայ դիզայներներ իրենց ապրանքանիշով և բացառիկ ստեղծագործություններով ներկայացել են Միլանի Via Tortona 27 հասցեում անցկացվող հեղինակավոր WHITE Show Milano-ում, որը տեղի էր ունենում ս․թ․սեպտեմբերի 19-ից 22-ը։
Այս միջոցառումն ավելի մեծ էկոհամակարգի մի մասն է, որը միմյանց է կապում ավելի քան 12 000 նորաձևության ընկերությունների և գրեթե 90 000 նորաձևության օպերատորների, քանի որ անցկացվում է Միլանի նորաձևության շաբաթին զուգահեռ:
Հայ դիզայներների տաղավարը գրավել է նորաձևության սիրահարների, մամուլի և ոլորտի առաջատարների ուշադրությունը։ Նախաձեռնությանն աջակցել է Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագիրը», – նշված է GIZ–ի հաղորդագրության միջ։