Գումար կներգրավվի Գյումրու կենտրոնի վերափոխման նպատակով

Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրի փոփոխությունն այսօր քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ  ՀՀ  ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծով նախատեսվում է բանկից ներգրավել հավելյալ 2,720.000 եվրոյի չափով վարկ` Գյումրի քաղաքի Անի եւ Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման եւ լուսավորության ապահովման համար:

Վարկի բոլոր տրանշների վերջին հասանելիության ժամկետ է սահմանվել 2028 թվականի ավարտը: Վաչե Տերտերյանի խոսքով համաձայնագրով ամբողջ ցանցի ոչ թե հատվածական, այլ համալիր վերափոխում է նախատեսվում:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: