Մարզերում աշխատանքների մասին՝ համառոտ

Ձեզ ենք ներկայացնում համառոտ տեղեկատվություն մարզերում կատարվող աշխատանքների մասին.

  • Մոնթեավան բնակավայրում գազաֆիկացվում են գյուղի 1-ին և 7-րդ փողոցների գազաֆիկացման աշխատանքները: Ենթածրագրի արժեքը շուրջ 38 միլիոն դրամ է: Ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ կառավարության 45% և համայնքի 55% համաֆինանսավորմամբ:
  • Մոնթեավան բնակավայրի հուշարձան-պուրակ է կառուցվում: Ենթածրագրի արժեքը 72.4 միլիոն դրամ է: Ֆինանսավորվելու է ՀՀ կառավարության 30% և համայնքի 70% համաֆինանսավորմամբ։
  • Արմավիրի Հայթաղ բնակավայր, որտեղ սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է գյուղի մանկապարտեզը:Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 216.2 միլիոն դրամ, որը ֆինանսավորվելու է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսվում է ավարտել 2025 թվականին:
  • Սյունիքի մայրաքաղաք պատմական Կապան քաղաքի արքայանիստ միջնաբերդում  ավարտվում է հնագիտական հետախուզական աշխատանքների առաջին փուլը։

Աշխատանքները մեկնարկել են մարզպետի նախաձեռնությամբ՝ «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի» ու «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ։ Հնագիտական աշխատանքներն իրականացնում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը։ 

Տարածքը մաքրվել է բուսածածկույթից, բացվել են որոշ հատվածներ, սակայն հնագիտական խոր շերտերի բացման, պատմամշակութային գիտական ուսումնասիրությունների, պեղումների մեծածավալ աշխատանքների հաջորդ փուլերը դեռ առջևում են։

  • Գեղարքունիքի մարզում միջին նորոգման կենթարկվի Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհը

ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին առաջիկա օրերի ընթացքում կմեկնարկեն Հ-30/Մ-4/ -Ճամբարակ-/Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները։ 

Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը միջին նորոգման կենթարկվի 40, 6 կիլոմետր երկարությամբ և 290 հազար 630 քառակուսի մետր մակերսով։ Եվս 7991 քառակուսի մետր մակերսով ասֆալտեբոնյա շերտ կտեղադրվի մուտքերում և իջատեղերում։

Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի միջին նորոգման ծրագրի նախնական արժեքը կազմում է 2 միլիարդ 485 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 1 միլիարդ 888 միլիոն դրամ։ 

Ծրագրով նախատեսվում է բնակավայրերի ներսում ասֆալտբետոնյա հին շերտի հեռացում ֆրեզման միջոցով ու նոր շերտի տեղադրում՝ 5 սանտիմետր շերտով, իսկ մնացած հատվածներում՝ փոսային նորոգմամբ կամ գործող ծածկի վրա ասֆալտբետոնյա նոր շերտի տեղադրում։ 

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել 2024 թվականի ընթացքում։ 

  • Տավուշի մարզում ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները։ Մթերում իրականացնողները խաղողն ընդունում են կիլոգրամը 140-150 դրամ արժեքով։ «Կանաչ գյուղ» ընկերությունը մթերում է էնդեմիկ սորտեր՝ կիլոգրամը 170-250 դրամ արժեքով։ 

Բերքը մթերվում է նախօրոք վերամշակողների հետ կնքված պայմանագրերի համաձայն։

Սեպտեմբերի 24-ի դրությամբ մարզում մթերվել է 2842 տոննա խաղող։

  1. Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA Project Armenia) ծրագրի աջակցությամբ Լոռու մարզի Սպիտակ համայնքում հաջողությամբ կիրառվում է անձրևացման ոռոգման համակարգ, որը հնարավորություն է տալիս գյուղացիական տնտեսություններին մոտ 50%-ով կրճատել ոռոգման ջրի ծախսը, խնայել ժամանակ և բարձրացնել բերքատվությունը՝ նվազեցնելով էրոզիայի վտանգը: 

SIGMA ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում՝ նպաստելով գյուղատնտեսության և գյուղական զբոսաշրջության զարգացմանը: