Համաձայնագիր` ուղղված Գյումրու ճանապարհների վերանորոգման եւ լուսավորության ապահովմանը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրին փոփոխության վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության առաջարկին։
««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծով նախատեսվում է բանկից ներգրավել հավելյալ 2,720.000 եվրոյի չափով վարկ` Գյումրի քաղաքի Անի եւ Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման եւ լուսավորության ապահովման համար: Վարկի բոլոր տրանշների վերջին հասանելիության ժամկետ է սահմանվել 2028 թվականի ավարտը:
Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի՝ համաձայնագրով ամբողջ ցանցի ոչ թե հատվածական, այլ համալիր վերափոխում է նախատեսվում:
Նա պարզաբանումներ է ներկայացրել նաև Գյումրու լուսավորության, ջրամատակարարման, ճանապարհաշինարարական համակարգերի փոխկապակցվածությանը, համաձայնագրի ժամկետի երկարաձգման նպատակահարմարությանը վերաբերող հարցերի առնչությամբ։