ԼՂ–ից բռնի տեղահանված ուսանողները կստանան ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց  շարունակել պետական աջակցություն տրամադրել ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 4000 ուսանողի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված ու ՀՀ պետական միջին մասնագիտական և բուհական հաստատություններում սովորողների աջակցությունը տրամադրվելու է մինչև նրանց ուսումնառության ավարտը։

Նա տեղեկացրեց, որ 2025–26 թթ. ուսումնական տարվա համար նախատեսվում է ներառել միջին որակականի գնահատման շեմ (ՄՈԳ)` առնվազն 75 տոկոսի չափով, որը թույլ կտա խրախուսել ավելի լավ առաջադիմություը։

Նախարարի խոսքով` հանվում է ԼՂ–ից բռնի տեղահանված ուսանողների նկատմամբ կիրառվող ուսման վարձի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը, ինչը հնարավորություն է տալիս, որ նրանք կարողանան 100 տոկոս փոխհատուցում ստանալ։ Ըստ նրա, այս տարի բուհեր են ընդունվել ԼՂ–ից բռնի տեղահանված 180 ուսանող, որոնց համար ևս կգործեն աջակցության բոլոր ծրագրերը։

«Եթե 2023 թվականի 1–ին կիսամյակում բուհերի 1 834 ուսանողի ուսման վարձ է փոխհատուցվել, ապա արդեն 2–րդ կիսամյակում նրանց թիվը 2 134 էր։ Քոլեջների ուսանողների` արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողի դեպքում ևս աճ ունեինք` 1–ին կիսամյակում նրանց թիվը 919 էր, 2–րդ կիսամյակում` 1 133։ 2024 թվականին արդեն ունենք ավելի քան 4000 շահառու»,– ավելացրեց նախարարը։