«Ամբեր Կապիտալ»-ի կողմից կառավարվող «ԵՄ - Հայաստան ՓՄՁ Հիմնադրամ»-ը թիրախավորում է նոր բաժնեմասնակցային ներդրումներ հայկական ընկերություններում

  • 12 ներդրում՝ Հայաստանի տնտեսության յոթ ռազմավարական  ոլորտներում
  • Կայուն աճ պորտֆելային ընկերություններում՝ «Խելացի կապիտալի» շնորհիվ
  • Բազմաթիվ հնարավորություններ՝ նոր ներդրումների համար

Մասնավոր կապիտալը հանդիսանում է դիվերսիֆիկացված տնտեսության կարևոր բաղադրիչ, սակայն այս ոլորտը երկար ժամանակ բավարար զարգացած չէր Հայաստանում։

Շուկայում այս խնդիրը լուծելու և բիզնեսներին աճի ու ընդլայնման նպատակով այլընտրանքային ֆինանսավորման հնարավորություն տրամադրելու համար 2020թ․ իր գործունեությունը մեկնարկեց «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը»: Այն կառավարվում է «Ամբեր Կապիտալի» կողմից, ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ։

Հիմնադրումից առ այսօր գրանցվել է գործարքների քանակի և հայկական ընկերություններում ներդրված գումարների տպավորիչ աճ, ինչը կարևոր և դրական ազդակ է, որ տնտեսությունը բավարարար հասունացել է մեծ ծավալի մասնավոր կապիտալի ներդրումների համար։

Ֆոնդի ընդհանուր չափը 60 միլիոն ԱՄՆ դոլար է, որի 2/3-րդը ներդրված է միջազգային ներդրողների կողմից՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածից։ Զգալի ներդրում է կատարվել նաև «Ամբեր Կապիտալ»-ի թիմի կողմից՝ այլ ներդրողների հետ հավասարազոր կերպով։ Ֆոնդի ամբողջ կապիտալը նախատեսված է Հայաստանում գործող ՓՄՁ-ների համար (ըստ ԵՄ-ի կողմից սահմանմանված բնութագրի)։ Այսօր ֆոնդը հանդիսանում է եզակի գործիք՝ օտարերկրյա և տեղական կապիտալն ուղղելու դեպի երկրի տնտեսության այն հատվածները, որտեղ ներդրումները լիարժեք չեն:

Կապիտալ ներդրումներից բացի, Ֆոնդի հիմնական նպատակն է խթանել հայկական ընկերությունների զարգացումը բիզնես մշակույթի բարեփոխման, բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) բարձր ստանդարտների կիրարկման միջոցով։ 

Այս համատեքստում ներդրումային թիմն առաջնորդում է օրինակով․ Ֆոնդը գրանցված է Լյուքսեմբուրգում, որը հանդիսանում է առաջատար կենտրոն նմանատիպ հիմնարկների համար և ունի պատշաճ վերահսկողական մեխանիզմներ ներդրումային գործընթացի վրա։ Նմանօրինակ մեխանիզմներից է լիցենզավորված և անկախ ֆոնդերի կառավարչի առկայությունը, որը նաև ունի ներկայացուցիչ Ֆոնդի Ներդրումային Կոմիտեի կազմում։ Միջազգային լավագույն փորձից ելնելով՝ Ֆոնդը աուդիտ է անցնում «Մեծ Քառյակ»-ի կողմից և կանոնավոր հաշվետվություններ է ներկայացնում Ֆոնդի Խորհրդատվական Կոմիտեին: Այստեղ արդեն ներդրողները հնարավորություն ունեն ակտիվ վերահսկել ներդրումային թիմի գործունեությունը։

Համաձայն իր մանդատի, Ֆոնդը ներդրումներ է կատարում հայկական ՓՄՁ-ներում՝ կապիտալի երկարաժամկետ աճ և շահութաբերություն պահովելու նպատակով։ Չնայած նրան, որ Ֆոնդը հանդիսանում է առևտրական ձեռնարկություն, ներդրումներն իրագործվում են այնպիսի ոլորտներում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այդ ոլորտները ներառում են  վերականգնվող էներգիան՝ ապահովելով էներգետիկ անկախություն և արտանետումների կրճատում, սննդի վերամշակումը՝ բարձրացնելով սննդի ապահովության մակարդակը, առողջապահությունը և գյուղատնտեսությունը։

Պորտֆելային ընկերություններում բարձր ԲՍԿ ստանդարտների ներդրումը այն գործիքներից մեկն է, որն օգտագործվում է երկարաժամկետ կապիտալի աճ ապահովելու նպատակով։ Նման ստանդարտները ներառում են կորպորատիվ կառավարում, տնօրենների խորհրդի ստեղծում, ֆինանսական դեպարտամենտի բարելավում՝ փորձառու մասնագետներ ներգրավելու միջոցով, արտաքին աուդիտ՝ միջզգային կազմակերպությունների կողմից, ընկերության ընթացակարգերի կանոնակարգում, ներառականության թիրախների սահմանում, ինչպես նաև պորտֆելի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցում։ Արդյունքում ընկերությունները հնարավորություն են ստանում մշակել ռազմավարություն՝ հիմնվելով վստահելի տեղեկատվության և կայուն գործընթացների հիման վրա։

Բարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև ընդհանուր տնտեսության համար. վերջին տարիներին Հայաստանում  արձանագրվում է ՀՆԱ-ի բարձր աճ և ցածր գնաճի մակարդակ։ Ակտիվությունը կապիտալի շուկաներում նույնպես գերազանցում է պատմական ցուցանիշները։

Հաշվի առնելով պարտատոմսեր թողարկող և առաջնային հրապարակային առաջարկներ իրականացնող ընկերությունների աճող թիվը՝ ներդրումային թիմը լավատես է հիմնադրամի որոշ պորտֆելային ընկերությունների ցուցակում ընդգրկվելու հնարավոր հեռանկարից:

«ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ը նշանակալի առաջընթաց է Հայաստանի հետ մեր տնտեսական համագործակցության մեջ։ Հայկական ՓՄՁ-ներին բաժնեմասնակցային կապիտալ տրամադրելով՝ հիմնադրամը ոչ միայն խրախուսում է տնտեսական աճը, այլև աջակցում է կորպորատիվ կառավարման լավագույն փորձին և կայունության զարգացմանը։ Մենք շատ ուրախ ենք տեսնել ֆոնդի դրական ազդեցությունը Հայաստանի ռազմավարական ոլորտներում՝ վերականգնվող էներգիայից մինչև առողջապահություն։ Այս նախաձեռնությունը միանգամայն համահունչ է ԵՄ-ի՝ Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի հետ, որն իր հերթին ներդրում է կատարելու ավելի ամուր տնտեսություն կառուցելու և արտաքին մարտահրավերներին դիմակայող հասարակություն ձևավորելու համար։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր հանձնառությունը՝  աջակցելու Հայաստանին տնտեսական զարգացմանն ու համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելուն», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«ՎԶԵԲ-ը ուրախ է տեսնել մեր երկարատև և հաջող համագործակցության արդյունքները։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս «Ամբեր Կապիտալ»-ը աջակցություն է ցուցաբերել բարձր ձեռնարկատիրական ներուժ ունեցող բազմաթիվ մասնավոր հատվածի մասնակիցների։ Մենք նաև երախտապարտ ենք մեր երկարաժամկետ գործընկերոջը՝ ԵՄ-ին, այս ծրագրին իրենց աջակցության համար։ Մասնավոր բաժնեմասնակցային կապիտալը կարևոր դերակատարում ունի ֆինանսական շուկաներում և բիզնեսին հնարավորություն է ընձեռնում այլընտրանքային ֆինանսավորում ներգրավել աճի ծավալները մեծացնելու համար։ Ուրախ ենք, որ մաս  ենք կազմում այս համագործակցության», - նշել է ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։

«Ամբեր Կապիտալ Արմենիա»-ի  գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը ամփոփել է․ «Մենք ամբողջությամբ հետևում ենք մեր ներդրումային մանդատին և ոգևորված ենք առ այսօր նվաճված արդյունքներով։ Ներդրումների քանակը ակտիվորեն աճում է, և մենք ակնկալում ենք, որ մինչև տարվա վերջ ևս մի քանի գործարք կկնքենք։ Հայաստանի տնտեսությունը ներդրողներին շատ հնարավորություններ է ընձեռնում։ ՄԵնք հույս ունենք, որ առաջիկա տարիներին ականատես կլինենք էլ ավելի շատ մասնավոր բաժնեմսանակցային գործարքների»։