Սևանը վերջին չորս տարում առաջին անգամ քիչ է կանաչել. մասնագետները ներկայացնում են պատճառները

Վերջին 4 տարում առաջին անգամ Սևանա լճում կանաչումը շատ թույլ է նկատվել։ Այդուհանդերձ, կենցաղային աղբը, արդյունաբերական թափոնները, կլիմայական փոփոխությունները հանգեցնում են Սևանա լճի մակարդակի իջեցման, լճի ծաղկման, աղտոտման և մի շարք ձկնատեսակների ոչնչացման։ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի և կադաստրի բաժնի պետ Արայիկ Հունանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի ծաղկումը շատ թույլ է նկատվել, ինչը կարելի է բացատրել եղանակային պայմաններով։ 
«Ջերմաստիճանի բարձրացման դեպքում ստեղծվում են բարենպաստ պայմաններ՝ կապտականաչ ջրիմուռների ակտիվացման համար: Եղանակն այս տարի ավելի ցուրտ էր, և դա նպաստեց կապտականաչ ջրիմուռների ավելի քիչ ակտիվացման, ըստ այդմ՝ ջրի նվազագույն կանաչման», -նշեց Հունանյանը։ 
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոլոգիայի բաժնի պետ Ամալյա Միսակյանը ներկայացրեց այս տարի ջրի մակարդակի բարձրացմանը նպաստող գործոնները. «Այս տարի ջրի մակարդակի բարձրացմանը նպաստել է այն, որ ջրային տեղումների նորմայից ավելի քանակ է դիտվել, գետերի և ջրամբարների լցվածությունը բավարար քանակի է եղել, սրանով պայմանավորված նաև հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի եղել: Սևանա լճի ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ այս տարի 38սմ-ով բարձր է, մինչդեռ նախորդող  երեք տարիներին բացասական մակարդակներ ենք ունեցել, այսինքն՝ լճի մակարդակը յուրաքանչյուր տարվա ընթացքում աստիճանաբար սկսել է իջնել մինչև տարեվերջ։ Այս տարվա ավարտին կանխատեսվում  է, որ դրական արդյունքներ կունենանք»: 
Ջրի մակարդակի բարձրացումը հանգեցրել է նրան, որ այս տարի դեռ ջրառը չի գերազանցել սահմանված չափը։ Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների՝ օրենքով սահմանված 170 մլն խմ թույլատրելի ջրառից այս տարի օգտագործվել է 131 մլն խմ ջուր, ինչը նախորդ տարվա ջրառի օգտագործման ցուցանիշների համեմատ 97 մլն խմ պակաս է։ Ըստ մոնիթորինգի կենտրոնի տվյալների՝ այս տարի նախատեսված ջրառի քանակը բավարար է և հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի լինի։ 
Կենդանական աշխարհի վտանգները
Կենդանական աշխարհի քանակական կազմը Սևանա լճում այս տարի գրեթե նույնն է, ինչ նախորդ տարիներին։ Մասնավորապես սիգի, կողակի, բեղաձկի և իշխանի պաշարները շատ քիչ են։ Ձկնատեսակների ոչնչացումը կամ նրանց վնասումը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ձկնաբուծության ինստիտուտի գիտաշխատող Բարդուխ Գաբրիելյանը կապում է   մի քանի գործոնների հետ։ 
«Առաջին հերթին, լիճը կանաչում է կապտականաչ ջրիմուռների ակտիվացմամբ, որոնք տոքսիկ են, ինչը նշանակում է, որ ջրի մեջ թունավոր նյութեր են ներմուծում, որոնք ազդեցություն են ունենում ձկների կերային բազայի վրա, հետևաբար նաև ձկների ու խեցգետինների վրա։ Սակայն սա ձկնատեսակների ոչնչացման հիմնական պատճառը չէ, ձկնային պաշարների և խեցգետնի տատանումների հիմնական պատճառը կերորսն է մարդու կողմից։ Ուղեկցվող  պատճառներ կարող են լինել հենց կանաչումը, հիվանդությունները և աղտոտվածությունը»,-ասաց Բարդուխ Գաբրիելյանը։
2024թ. նոյեմբեր-դեկտեմբերին Ձկնաբուծության ինստիտուտը կամփոփի ձկնատեսակների պաշարների քանակական արդյունքները։ 
Սեդա Մարտոյան