Մոտ 510 մլն դրամ կհատկացվի Սյունիքի էկոպարեկային ծառայությանը

 Մոտ 510 մլն դրամ կհատկացվի Սյունիքի էկոպարեկային ծառայությանը:  Կառավարության նիստի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հայտնել է, որ ծառայությունը ստեղծվել է 2024 թ. հունվարի 1–ից, այն պետական անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում  24/7 ռեժիմով պահպանություն է իրականացնում։
Փոխնախարարի առաջարկով` Սյունիքի մարզային վարչության տեխնիկական կարողությունների ընդլայնման համար նախարարության միջոցներից վերաբաշխման արդյունքում 509 մլն 512 հազար դրամ կհատկացվի։
«Այդ գումարները կուղղվեն արագ արձագանքում պահանջող խնդիրների լուծման պատշաճ իրականացման համար 22 գործառնական մեքենաների ձեռքբերման համար, որոնք հատուկ կահավորանքով և մոբայլ համակարգով հագեցված կլինեն»,– նշեց Գաբրիելյանը։
Նա ավելացրեց, որ հանրապետության ամբողջ էկոծառայության համար նախատեսված է շուրջ 142 մոբայլ միջոցներ` գործառնական մեքենաներ, որոնք տրվելու են 7 մարզային և 18 տեղամասերի։ Էկոպարեկային ծառայությունը կգործի երկու հերթափոխով` 12– ժամյա գրաֆիկով, յուրաքանչյուր շարժակազմում կլինի երկու պարեկ։
 Սյունիքի մարզում էկոպարեկների թիվը կլինի 184, իսկ Հայաստանում՝ մոտ 1000։