Քննարկում ՓԾ-ում. ինչպե՞ս անվտանգ կառավարել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր քիմիական նյութերը

ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային քննարկում։ 

Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալը, ԲՊԱՌՆ վարչության, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, ԿԵ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչը, պատասխանատուներ, «Նաիրիտ 2» ՓԲԸ ներկայացուցիչներ։

Օրակարգի առանցքային հարցերից  էին վարչապետի հանձնարարականով ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի ընթացիկ աշխատանքները, որոնք միտված են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա քիմիական նյութերի կառավարման հնարավոր մեխանիզմների մշակմանը և շահագործման ոչ պիտանի սարքերի վնասազերծմանը:

ՓԾ տնօրենը ողջունելով ներկաներին՝ կարևորել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում գտնվող քիմիական նյութերի անվտանգ կառավարման ուղղությամբ միջգերատեսչական ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։ Նա առանձնակի  ուշադրություն է հրավիրել  քիմիական նյութերի պահպանման և վերահսկման հարցերին՝ շեշտելով, որ անվտանգության ապահովումը պահանջում է համատեղ և հետևողական աշխատանք։