ԴիջիԹեք 2024-ին մասնակցում են 200-ից ավելի ընկերություններ. ԱՏՁՄ նախագահ
Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ ԴիջիԹեք 2024-ին մասնակցում են 200-ից ավելի ընկերություններ, որոնք այս տարի հնարավորություն ունեն ներկայացնել իրենց արտադրությունը, ծրագրերն ու լուծումները․ ԴիջիԹեք 2024-ի բացման արարողության ընթացքում հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Նրա խոսքով՝ ԴիջիԹեք-ն իր պատմության ընթացքում եղել է այն հարթակը, որը շատ լավ ծառայել է հայկական ընկերությունների արտադրանքը ներկայացնելու գործին ինչպես հայ գործարարներին, այնպես էլ արտասահմանից ժամանած հյուրերին։
«Այս տարի մենք նաև հնարավորություն ունենք WCIT-ին մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերին ցուցադրելու այն ընկերություններն ու նորարարությունները, որոնք ներկայացված են ԴիջիԹեք-ում։ Ունենք 200-ից ավելի ընկերություն, որոնք այս տարի ներկայացնում են իրենց արտադրությունը, ծրագրերն ու լուծումները։ Կարծում եմ՝ դա շատ հետաքրքիր է լինելու բոլորիս համար», - ասաց Եսայանը՝ շնորհակալություն հայտնելով ինչպես միջոցառման կազմակերպչական խմբին, այնպես էլ հովանավորներին, որոնց աջակցության միջոցով հնարավոր է եղել կազմակերպել նման մեծամասշտաբ միջոցառումը։