Հայաստանի ապագան կանխորոշողը գիտելիքի վրա հիմնված տնտեսությունն է․ ԲՏԱ նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի կարծիքով՝ Հայաստանի ապագան կանխորոշողը երկրի տնտեսությունն է, որը հիմնված է գիտելիքի վրա, և որի հիմքում դրված են նորարարություններն ու բարձր տեխնոլոգիական նորարար լուծումները։

ՀՀ ԲՏԱ նախարարը նման կարծիք հայտնեց ԴիջիԹեք 2024-ի բացման արարողության ժամանակ՝ հավելելով, որ աշունն, ընդհանրապես, համարվում է տեխնոլոգիական սեզոն, որովհետև այդ ընթացքում տեղի են ունենում մի շարք կարևոր միջոցառումներ, որոնք ինչ-որ առումներով նաև շեղում են բուն առօրյա աշխատանքից՝ օրինակ քաղաքականությունների մշակումից, սակայն դրանում կա նաև դրական կողմ, քանի որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս միմյանց հետ ավելի շատ շփվելու, մտքեր փոխանակելու համար։

«Վերջին շրջանում ես առիթ եմ ունենում կրկնելու, որ Հայաստանի ապագան կանխորոշողը Հայաստանի տնտեսությունն է։ Տնտեսություն, որը գիտելիքահենք է, տնտեսություն, որի հիմքում դրված են նորարարությունները և բարձր տեխնոլոգիական նորարար լուծումները, տնտեսություն, որտեղ խրախուսվում են արտահանելի ճյուղերի խթանումը, տնտեսություն, որտեղ արտադրական գործընթացների արժեշղթան հենց մեր երկրի ներսում առավելագույնս երկարացվում է, տնտեսություն, որի տրամաբանությունը և փիլիսոփայությունը ոչ թե հումք, այլ արտադրանք ու պրոդուկտ արտահանել է մեր երկրից, որի լավագույն արտացոլանքը նաև կարելի է տեսնել հենց  ԴիջիԹեք-ի ցուցահանդեսի շրջանակներում»,-իր ելույթում նշեց Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ ԴիջիԹեք-ն առաջին անգամ հատել է մասնակից ընկերությունների՝ 200-ի սահմանը, ինչի կապակցությամբ շնորհակալություն հայտնեց մասնակից գործընկերներին։

Նախարարը պատմական ակնարկ կատարեց, թե ինչո՞ւ է ստեղծվել ԴիջիԹեք-ը՝ նշելով, որ դրա ստեղծման գաղափարը միտված է եղել լուծել կարևորագույն խնդիր՝ հանրահռչակելու և հանրությանը ներկայացնելու տեխնոլոգիական ձեռքբերումները։

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը, որպես երկիր պետք է իր երազանքներում և իր առջև դրված խնդիրներում ավելի ընդարձակ լինի՝ փորձելով նաև մտածել ԴիջիԹեք-ի միջազգայնացման և միջազգային բրենդի տեսք հաղորդելու մասին։

«Այստեղ ես կարող եմ ուրախությամբ ասել, որ ինչպես մյուս բոլոր տեխնոլոգիական քաղաքականությունների և ռազմավարությունների առումով, այստեղ ևս ՀՀ կառավարությունը շատ համահունչ քայլում է՝ տեխնոլոգիական համայնքի մասնավոր հատվածի գործընկերների հետ ունենալով նույն ընկալումը։ Մենք պատկերացնում ենք, որ ապագայում ԴիջիԹեք-ի 200 պլյուս հայկական ընկերությունների ներգրավվածությունը կամ ներկայությունը չէ միայն, որ պետք է երջանկացնի մեզ։ Մենք պատկերացնում ենք, որ աշխարհի տարբեր երկրներ այստեղ ունենալու են իրենց տաղավարները, որտեղ ներկայացված են լինելու աշխարհի տասնյակ երկրների հարյուրավոր տեխնոլոգիական կայացած ընկերություններ՝ իրենց սեփական արտադրանքով»,-իր խոսքում ընդգծեց ՀՀ ԲՏԱ նախարարը՝ շեշտելով, որ այդ առումով շատ կարևոր է նաև այն կետը, որին այս 19-20 տարվա ընթացքում հասել է Հայաստանը, այդուհանդերձ, դա նաև պետք է մղի նոր հաջողությունների։