Արթիկում լուսավորության ցանց է անցկացվում
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Արթիկ համայնքում։
Դիտարկվել են Արթիկի լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները, որոնք իրականացվում են պետություն-համայնք համագործակցությամբ՝ «Արթիկ համայնքի 12 բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Շուրջ 55,5 մլն արժողությամբ սուբվենցիոն ծրագրի գումարի 55 տոկոսը տրամադրելու է Կառավարությունը, 45 տոկոսը՝ համայնքը։
Այժմ ընթացքի մեջ են նոր սյուների և լուսատուների տեղադրման աշխատանքները, ծրագրի շրջանակներում Արթիկի էստակադայի վրա տեղադրվել է բոլորովին նոր 30 սյուն, Ազատության հրապարակում՝ 12 սյուն, ընդհանուր առմամբ միայն Արթիկում ծրագրով նախատեսված է 96 նոր սյուների տեղադրում։
Մարզպետն ու համայնքապետը շրջել են կենտրոնական հրապարակում, Աբովյան փողոցում, Բաղրամյան փողոցից դեպի էստակադա տանող հատվածում։
«Ինձ համար անչափ կարևոր է, որ համայնքում ենթակառուցվածքների զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, այս աշխատանքներում պետական աջակցությունն ակնառու է, ուրեմն մենք բոլորս մեր ջանքերը պետք է մեկտեղենք, որպեսզի թե պետական, թե համայնքային միջոցները նպատակային ծախսվեն, որևէ թերացում և ուշացում չլինի»,-նշել է մարզպետը։
Շիրակի մարզպետը եղել է նաև Արթիկի «NeoClinic» ախտորոշիչ կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով ու առաջիկա անելիքներով։