ՀՀ բյուջեի եկամուտները 7 տարում կրկնապատկվել են՝ առանց հարկային բեռի ավելացման. Բադասյան

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2024 թվականին 2017 թ. համեմատ կրկնապատկվել են և արդեն իսկ կազմել են մոտ 6,9 մլրդ դոլար։ Sputnik Արմենիան գրում է, որ այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով` այս ցուցանիշին հաջողվել է հասնել առանց հարկային բեռի էական աճի՝ հիմնականում տնտեսական աճի և ստվերային տնտեսության կրճատման հաշվին։
Բադասյանը համաձայն չէ, որ երկրում հարկերը բարձր են, և դրա պատճառով խոշոր տնտեսվարողներից շատերը փորձում են տարբեր սողանցքներ գտնել խուսափելու համար դրանք վճարելուց։ Ըստ ՊԵԿ նախագահի` բիզնես գործունեություն ծավալելու, բոլոր հարկերը կանոնավոր վճարելու և շահույթ ստանալու բոլոր հնարավորությունները կան։
Անդրադառնալով ստվերային շրջանառության հետ կապված ընթացիկ խնդիրներին՝ Բադասյանը նշեց, որ մասնավորապես ստվերային շրջանառության ռիսկեր կան հեղուկացված բնական գազի և բենզինի իրացմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մեջ: Նախարարի խոսքով` կան ընկերություններ, որոնք համառորեն չեն ցանկանում փոխել վարքագիծը, ինչն առաջացնում է հարկային կառույցների մտահոգությունը։
«ՊԵԿ–ը դրա հետ կապված խիստ վերահսկողական միջոցառումներ էիրականացվում. գրեթե բոլոր խոշոր ներկրողները ստվերային շրջանառության հետ կապված խնդիրներ ունեն։ Ցավոք,ՊԵԿ–ի` այս ընկերություններին ուղղված հորդորները, որ դուրս գան ստվերային դաշտից, երբեմն անտեսվում են»,– նշեց Բադասյանը։
Ավելի վաղ կոմիտեն լուրջ խախտումներ էր հայտնաբերել մի շարք խոշոր ընկերություններում՝ կապված չգրանցված աշխատակիցների և ՀԴՄ կտրոնների տրամադրման կանոնները չպահպանելու հետ: Հուլիսի 20–ից սեպտեմբերի 30–ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների արդյունքում ընկերությունները տուգանվել են ընդհանուր առմամբ 90,2 մլն դրամով:
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա