2025 թվականի պետական բյուջեի նախագծով 2024թ. կանխատեսվում է տնտեսության 5.8%, իսկ 2025թ.՝ 5.6% աճ

ՀՀ ֆինանսների նախարարության  #հարցուպատասխան ձևաչափի առաջին հրապարակման շրջանակներում ընթացիկ տնտեսական զարգացումների մասին խոսել է մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանը:

2025 թվականի պետական բյուջեի նախագծով 2024թ. կանխատեսվում է տնտեսության 5.8%, իսկ 2025թ.՝ 5.6% աճ: Դա ենթադրում է տնտեսության մեջ իրական եկամուտների աճ, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի դրանց արդյունավետ վերաբաշխմանը:

Հարկ է նկատել, որ նախորդ տարիների բարձր աճից հետո տնտեսական աճի տեմպը կվերադառնա իր բնականոն մակարդակին, որը, սակայն, ավելի բարձր է, քան նախորդ տարիների աճը։ Բարձր աճի տեմպերը պահպանելու նպատակով նախատեսվում է բյուջեի ծախսերում ավելի մեծ կշիռ հատկացնել պետական ներդրումներին, ինչի արդյունքում կամրապնդվի տնտեսության ներուժը և կբարելավվեն տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքները:
Առանցքային կարևորություն ունի նաև պետական ֆինանսների և պարտքի կայունության ապահովումը, ինչը վերջին տարիներին ցնցումների պայմաններում արդյունավետորեն պահպանվել է՝ հիմնականում պայմանավորված խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության իրականացմամբ։ 2025թ. պետական բյուջեն նույնպես հիմնված է հարկաբյուջետային կայունության պահպանման առաջնահերթության վրա։