Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Իրանում գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Եթե իրականացվեն Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակման ծրագրերը կամ սպառնալիքները, դա շատ լուրջ սադրանք կլինի», - ուրբաթ Լաոսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը։

interfax.ru-ն տեղեկացնում է, որ Լավրովը նշել է․  «ՄԱԳԱՏԷ-ն բավականին խստորեն վերահսկում է Իրանի միջուկային ծրագիրը, և որևէ նշան չի տեսնում, որ Իրանը սկսել է այդ միջուկային ծրագիրը տեղափոխել ռազմական ուղի»։

«ՄԱԳԱՏԷ-ն պարբերաբար զեկույցներ է ներկայացնում Կառավարիչների խորհրդին, մենք ելնում ենք այդ մասնագիտական գնահատականներից»,- նշել է Լավրովը։

Հոկտեմբերի 1-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 181 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ «Ճշմարիտ խոստում 2» գործողության շրջանակում: Իսրայելական բանակը հայտարարել է, որ կպատասխանի հարձակմանը, երբ հարմար գտնի:

Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելը կարող է պատասխան հարված հասցնել Իրանի նավթային և միջուկային օբյեկտներին: