Գեղարքունիքի մարզպետն ու ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչները այցելել են Գանձակի թիվ երկու դպրոց
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի հետ մասնակցեց Գավառ համայնքի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքում 2023 թվականի ապրիլ ամսին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ 2 հազար քառակուսի մետր մակերեսի վրա հիմնված ինտենսիվ այգու առաջին բերքահավաքին, որը համընկավ դպրոցի տնօրինության ու մանկավարժների նախաձեռնությամբ կազմակերպված «Բերքի տոն» և «Մեծ փուռ» միջոցառումների անցկացման հետ։
Ծրագրի մեկնարկը տրվել է 2023 թվականի փետրվարին, որի շրջանակներում դպրոցի տանիքին տեղադրվել է 25 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայան, որի արտադրած հոսանքը ծառայում է ինտենսիվ այգու մշակման, ինչպես նաև դպրոցի մյուս կարիքներին, հիմնանորոգվել և կահավորվել է դպրոցի ճաշարանը, որտեղ տաք սնունդ է մատուցվում դպրոցի տարրական դասարանների 74 աշակերտների համար։ Ստեղծվել է նաև չորանոց, որտեղ արդեն արտադրված պտղից չրեր են արտադրվում։ Իսկ ստացված պտուղն օգտագործվում է «Դպրոցական սնունդ» ծրագրում։
Այգին հիմնվել է Իտալիայից բերված տանձի, խնձորի, սև սալորի, անփուշ մոշի շուրջ 600 տնկիներով, կաթիլային ոռոգման համակարգով ու հակակարկտային պաշտպանիչ ցանցերով։
Այգու մշակությունն ապահովելու համար դպրոցն ունի 1 հաստիքային աշխատող, ով ծրագրի կողմից հատուկ վերապատրաստման դասընթաց է անցել։ Այգում աշխատանքներ են կատարում նաև բարձր դասարանների աշակերտները՝ գործնականում ծանոթանալով և տիրապետելով այգեգործության նրբություններին։ Վերապատրաստման դասընթաց են անցել դպրոցի տնօրենը և հաշվապահը՝ ինտենսիվ այգու կառավարումն անթերի ապահովելու համար։ Բացի այդ, դպրոցամերձ տարածքում մանկավարժների և աշակերտների ուժերով աճեցվել են բանջարբոստանային մշակաբույսեր, որոնց տված բերքը օգտագործվում է երեխաներին լրացուցիչ սննդով ապահովելու նպատակով։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նաննա Սկաուն, միջոցառմանը մասնակցող պաշտոնական մյուս անձինք դպրոցի տնօրենի, մանկավարժների և աշակերտների հետ կատարեցին ինտենսիվ այգու առաջին բերքահավաքը, այնուհետ այցելեցին «Բերքի տոն» և «Մեծ փուռ» միջացառումների շրջանակում ձևավորված տաղավարներ, որոնք լի էին աշնանային բերք ու բարիքով, Գանձակի խոհանոցին բնորոշ բազմատեսակ ուտեստներով, կոլորիտով։
Տպավորություններով կիսվեց Գեղարքունիքի մարզպետ կարեն Սարգսյանը․
«Տպավորված եմ Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցում ներդրված ինտենսիվ այգու հիմնադրման ծրագրի արդյունքներից, ծրագրի պատասխանատուների, դպրոցի տնօրենի, մանկավարժների ու աշակերտների կատարած ջանադիր, սրտացավ ու արդյունավետ աշխատանքից, որոնց գումարվում են նաև բերքահավաքին ուղեկցող բովանդակալից, արվեստով լի, ուսուցողական միջոցառումները։ Ասել է, թե բոլոր առումներով ծրագիրը ծառայել է իր նպատակներին ու արդարացրել բոլորիս սպասելիքները»,-ներկաներին դիմեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ բարձր տեխնոլոգիաների ջերմատներ են հիմնվել Գեղարքունիքի և Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցներում, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ՝ Ծովինարի և Գանձակի թիվ 2 միջնակարգ, Մարտունի քաղաքի թիվ 2, Սևան քաղաքի թիվ 1 հիմնական և Ծաղկունքի բաց դպրոցներում, որոնք արդեն հանձնվել են համապատասխան հաստատությունների կառավարմանը։