Շիրակի մարզում ընթացքի մեջ է կարտոֆիլի, ավարտվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը
Շիրակի մարզում ակտիվ ընթացքի մեջ է կարտոֆիլի բերքահավաքը։ Հավաքվել է շուրջ 60 հազար տոննա կարտոֆիլ, միջին բերքը՝ հեկտարից շուրջ 20 տոննա։ Այս մասին մարզային խորհրդի հերթական նիստի ժամանակ նշեց Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Նա, ներկայացնելով Շիրակի մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը և մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումները, նշեց, որ մարզում կատարվել է 47 հազար 711 հա ցանք, ամբողջությամբ ավարտվել է աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը, հնձվել է շուրջ 34 հազար հա, միջին բերքը, ըստ նախնական կանխատեսումների, կազմում է հեկտարից 22-24 ց։
2025-ի բերքի համար, այսօրվա դրությամբ. կատարվել է մոտ 5 հազար հա աշնանացան ցորենի ցանք։ «Բուսաբուծության աջակցության» պետական ծրագրի շրջանակներում մարզի 1 512 շահառուի կողմից իրականացվել է շուրջ 5 980 հա ցանք, փոխհատուցման գումարը կազմում է շուրջ 430.5 մլն դրամ։
Էկոնոմիկայի նախարարության կողմից մարզին անհատույց տրամադրվել է 1040 լիտր թունանյութ։ Առավել վարակված 13 հազար հա տարածքի վրա իրականացվել են մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ։