ՆԱՍԱ-ն այսօր 5 մլրդ դոլար արժողությամբ սարք կարձակի դեպի Յուպիտերի արբանյակ` պարզելու՝ արդյոք կյանք կա այնտեղ

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, այսօր տիեզերական սարք կարձակի դեպի Յուպիտեր մոլորակի Եվրոպա արբանյակը՝ փորձելով պարզել՝ արդյոք այնտեղ կարող է կյանքի որևէ տեսակ գոյություն ունենալ: Այս մասին գրում է The Guardian-ը:

Europa Clipper առաքելության մեկնարկը կտրվի Ֆլորիդայում Քենեդու անվան տիեզերական կենտրոնից: Վեց տոննա քաշով Clipper-ը ՆԱՍԱ-ի կողմից երբևէ մոլորակային առաքելության համար ստեղծված ամենամեծ սարքն է: Այն կանցնի Մարսի կողքով և հետ կդառնա, կպտտվի Երկրի շուրջը, ապա կուղևորվի Յուպիտեր՝ անցնելով մոտ 3,22 միլիարդ կմ մինչև իր նպատակակետին հասնելը 2030 թվականին:

5 մլրդ դոլար արժողությամբ և 30մ երկարությամբ տիեզերական սարքն առաջադեմ գործիքների միջոցով կհետազոտի Եվրոպայի մակերեսը՝ օրգանական միացությունների հետքեր և արբանյակից արտանետվող գազեր գտնելու համար՝ գնահատելու, թե արդյոք այն բնակելի է: Այն կրում է ինը գործիք, այդ թվում՝ տեսախցիկներ՝ արբանյակի մակերեսը քարտեզագրելու համար, ինչպես նաև ռադար՝ արբանյակի մակերևույթի հաստ սառցե ծածկույթի տակ նայելու համար: