Երևանում կսահմանվի հերթապահություն սպասվող առատ տեղումներին արագ արձագանքելու համար
Երևանի վարչական շրջաններում այսօր երեկոյից սահմանվելու են հերթապահություններ՝ տեղերում հնարավոր ջրականգերին արագ միջամտելու և լոկալ բնույթի խնդիրները վերացնելու նպատակով։
Ֆեյսբուքյան էջում Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ հեղեղատարներում և անձրևընդունիչներում հնարավոր կուտակումներից զերծ մնալու համար, որպես աջակցություն, գործընթացում ներգրավվելու են նաև «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի» մարդկային ռեսուրսները։ Աշխատանքներին նաև մասնակցելու են «Կանաչապատում և շրջակա միջայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի ուժերը։
«Ըստ այդմ, ինչպես «Վեոլիա ջուր» ընկերության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ որպես գործընկեր կառույց, մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ, որոնց ներգրավված է լինելու նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը»,– գրել է Կոստանյանը։
Քաղաքապետարանից վարորդներին հորդորում են տեղումների ժամանակահատվածում անձնական օգտագործման մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Հիշեցնենք, որ առաջիկա օրերին հանրապետության մի շարք շրջաններում, այդ թվում` Երևանում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի 100–150 տոկոսի չափ տեղում։