Շիրակի մարզպետը դիտարկել է մի շարք բնակավայրերում աշխատանքների ընթացքը
Աշխատանքային այցով Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ եղել է Անի համայնքում, որտեղ դիտարկվել են ընթացքի մեջ գտնվող փողոցաշինական աշխատանքները։
Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցներում և Ազատության հրապարակում այժմ ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները։ Փողոցները նորոգվում են մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում։ ՀՀ կառավարությունը դեռ մայիսին նորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 209 մլն 597 հազար դրամ, Կառավարության հունիսի 27-ի որոշմամբ ևս 70 մլն 196 հազար դրամ էլ հատկացվել է աշխատանքների ընթացքն ապահովելու նպատակով:
Շիրակի մարզպետի հաջորդ կանգառը եղել Անի համայնքի Անիպեմզա բնակավայրում, մարզպետն այցելել է Հայաստանի պատմաճարտարապետական ու հոգևոր ամենաարժեքավոր կառույցներից մեկը համարվող Երերույքի տաճար։
Տաճարում «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոնի» պատվիրատվությամբ՝ ԱՄՆ դեսպանության «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվել են պահպանության, տաճարի հիմքերի ամրակայման աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 495 մլն դրամ։
Դիտարկել է Արթիկ համայնքի թիվ 3 և 4 մանկապարտեզների ավարտական փուլում գտնվող վերանորոգման աշխատանքների ընթացքը։
ՀՀ Կառավարության տրամադրած միջոցներով 2023 թվականին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են «Այ Քոնստրաքշն» ՍՊԸ-ի կողմից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 369 միլիոն 684 հազար դրամ է։
Աշխատանքային այցի շրջանակում Շիրակի մարզպետի հաջորդ կանգառը Հոռոմ բնակավայրում է եղել, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով կառուցվում է բնակավայրի նոր մանկապարտեզ։ Այն նախատեսված է 75 սանի համար և ունենալու է 3 խումբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 190 մլն դրամ։
Մարզպետը շրջել է շենքում, արել դիտարկումներ՝ համեմատելով նախորդ այցի ընթացքում նկատած խնդիրներն ու դրանց վերացման ուղղությամբ արված աշխատանքները։
Դիտարկվել է նաև Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ - Արևշատ - /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի կմ0+000 - կմ12+800 ծրագրով, 12.8 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինաշխատանքների ընթացքը։ Այն միմյանց է կապում տարածաշրջանի 6 բնակավայրեր՝ Նոր Կյանք‚ Վարդաքար‚ Փանիկ‚ Գետափ‚ Արևշատ‚ Մեծ Մանթաշ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուջ 1 մլրդ 525 մլն դրամ։
Մարզպետի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում անցկացվել է նաև աշխատանքային քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքում իրականացվող շինաշխատանքների ընթացքին, սուբվենցիոն ծրագրերին, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելուն, ինչպես նաև առաջիկա անելիքներին։