Ընկերությունը թաքցրած հարկերից մոտ 300 մլն դրամ է վճարել ՀՀ պետբյուջե

Ավտոպահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից շուրջ 300․000․000 դրամ է վճարել ՀՀ պետական բյուջե ։  ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ  ընկերության հիմնադիր-տնօրենը հարկեր չվճարելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը․ վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոններ ու դուրս չի գրել հարկային հաշիվներ։ Հարկային հաշվարկներում էլ խեղաթյուրված տվյալներ է ներառել։ Արդյունքում պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
Ընկերության հիմնադիր-տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Նախաքննության ընթացքում ՍՊԸ–ի պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 298 մլն 890 հազար 423 դրամ։