ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքը կբարձրացվի

ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը կբարձրացվեն։
 Կառավարության նիստում քննարկման ժամանակ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ասել է, որ  ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 1000 դրամի փոխարեն պետական տուրք կսահմանվի 50 հազար դրամը, իսկ քաղաքացիության դադարեցման համար` նախկին 25 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ։
Նախարարը նշեց, որ այդ տուրքերի չափերը սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարի չեն վերանայվել։
«Այսպիսով վերարժևորում է նաև քաղաքացիության ինստիտուտը` ընդգծելով քաղաքացի–պետություն կապի կարևորությունը»,– հայտարարեց նախարարը։
Ղազարյանի խոսքով` այս տուրքի դրույքաչափերի բարձրացումը չի տարածվի փախստականների, այդ թվում` ԼՂ–ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց վրա. նրանք բոլորն ազատված կլինեն տուրքերի վճարներից։
Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի ԱԺ հաստատումից հետո` 10 ամիս անց` պայմանավորված տեխնիկական նախապատրաստական աշխատանքների հետ։