Արտագաղթը որպես երևույթ մինչև հիմա ուսումնասիրված չէ. վարչապետ
Արտագաղթը որպես երևույթ մինչև հիմա ուսումնասիրված չէ, ամբողջական պատկերացում չունենք դրա մասին, Կառավարության նիստում խոստովանեց վարչապետը։
«Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս և ի՞նչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրը հետևյալն է՝ ոնց անել, որ իր տղան չգնա բանակ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Որ հատկապես պատերազմից հետո հայաստանցիներին հուզող ամենամեծ խնդիրը ներքին ու արտաքին անվտանգությունն է, Փաշինյանն ինքն էլ ընդունեց: Արտագաղթի մի շարք պատճառներ թվարկելուց հետո նաև մարդու իրավունքներին ու ազատությանն անդրադարձավ, ասաց՝ առիթներ ունեցել է արտերկրում աշխատող հայերին հարցնել՝ ինչո՞ւ են գնացել հայրենիքից. - «Պարզվում է, որ մեկը արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, մեկը արտագաղթել է իր ականջին օղ կախելու պատճառով... Էս թեմաների հետ որ չառնչվենք, արտագաղթ երևույթը մենք չենք հասկանա»:
«Մենք անընդհատ կենացներ ենք ասում՝ Սփյուռքը գա, և այլն, Սփյուռքի ներուժը նենց անենք գան... ինչի՞ համար գան: Ասենք, կներեք, էլի, էդ ո՞վ է Բրյուսելում իրա կյանքը հանդարտ՝ մեր չափանիշներով, գալու, բան անի, գնա ապրի, ասենք, ենթադրենք, Մովսես գյուղում կրակոցների տակ», - նշեց վարչապետը:
Արտագաղթի պատճառները Կառավարության նիստում քննարկեցին ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելիս։
Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանն ասում էր՝ փաստաթղթի նպատակն է մինչև 2040 թվականը 20 տոկոսով կրճատել Հայաստանի բնակչության ծերացման ցուցանիշը: Իսկ որ դա տեղի ունենա, առաջիկա 16 տարիների ընթացքում պետությունը խոստանում է ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայր ստեղծել, մահվան ռիսկի գործոնները նվազեցնել, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմաններ ապահովել, ավագ սերնդի ներկայացուցիչների ներուժն ավելացնել, և այլն:
«Առաջիկա երեք ամիսների ընթացքում պետք է հաստատենք նաև գործողությունների ծրագիր և առաջիկայում մեր այն միջոցառումները, որոնք որ պետք է նպաստեն՝ հասնելու մեր ռազմավարական այդ չորս նպատակներին», - նշեց նախարարը:
Փաշինյանն այստեղ էլ հորդորեց մարդու բարեկեցության մասին խոսելիս հաշվի առնել անգամ ամենատարրական թվացող սոցիալական հարցերը, օրինակ՝ կենցաղային պայմանները, քաղաքակիրթ տրանսպորտից օգտվելու հնարավորությունը, որակյալ և հասանելի կոմունալ ծառայությունները, առողջապահությունն ու կրթությունը:
«Ժողովրդագրության ասելով, տենց, մեր սովորույթի համաձայն կարող է վերջում գանք ծննդաբերության հարցի վրա բան անենք, կենտրոնանանք ու սկսենք հարցը դիտարկել էդ տրամաբանությունից: Ժողովրդագրությունը մեր բոլորիս հավաքական գործունեության մասին է», - հայտարարեց վարչապետը՝ հավելելով. - «Արդարությունն է ժողովրդագրության անբաժանելի մասը»։
Ի՞նչն է Փաշինյանին խանգարում արտագաղթի մասին համապարփակ փաստաթուղթ ունենալ. ազգագրագետ
Որ չկա մեկ միասնական փաստաթուղթ արտագաղթի պատճառների մասին, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ է հաստատում, բայց հիշեցնում է՝ վերջին 35 տարիներին խորքային տարբեր հետազոտություններ կան: Հիմնական պատճառներն անվտանգությունից բացի դեռ շարունակում են մնալ սոցիալական խնդիրները, իրավական համակարգի տարբեր խոչընդոտներ և այլն: Ազգագրագետը հիշեցնում է՝ տեղահանված արցախցիների մեծ մասը հենց սոցիալական ու իրավական խնդիրների է բախվել, այսպիսի հետազոտություն էլ կա:
Ամբողջությամբ՝ azatutyun.am