ARMRADIO․ Նոր բանավեճ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ շահարկվում է «վերադարձի իրավունքը»
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման փուլը զուգորդվում է արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի մասին քննարկումներով։ Այս թեման ուշադրության կենտրոնում են պահում թե Մոսկվան, թե Բրյուսելը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նախօրեին պնդել է, թե Բաքուն վերադարձի հնարավորություն արցախցիներին տվել է, և այդ հնարավորությունը նաև հիմա է գործում։
Շվեյցարիայի խորհրդարանականները դիմել են կառավարությանը՝ կոչ անելով հնարավորինս շուտ՝ մեկ տարվա ընթացքում կազմակերպել խաղաղության միջազգային համաժողով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Միջազգային տարբեր ատյաններում և տարբեր երկրների խորհրդարաններում վերջերս շատ է խոսվում արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի մասին։ Այս թեմայով հեռակա բանավեճ է սկսվել Հայաստանի և, որքան էլ զարմանալի է, ոչ թե Բաքվի, այլ Ռուսաստանի միջև։
Հայաստանում սուր է ընկալվել Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունը։ Չանդրադառնալով հնչած հարցին, որ Ադրբեջանն Արցախում սկսել է համատարած քանդել բնակելի՝ այդ թվում պատմամշակութային արժեք ունեցող շենքերը՝ դրանով, կարծես, վերջակետ դնելով արցախցիների վերադարձի հեռանկարին, Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչն, ըստ էության, արդարացրել է Ադրբեջանի գործողությունները։
Հիմնավորել է, թե տարածքը Ադրբեջանինն է, որտեղ գործում են այդ երկրի օրենքները և պնդել, թե Ադրբեջանը վերադարձի հնարավորություն տվել է, որը կա նաև այս պահին։ Ըստ Զախարովայի՝ հայկական կողմն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի անում։
Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում միջնորդի հավակնություններ ունեցող և հրադադարի հայտարարության կողմ հանդիսացող Ռուսաստանը համարում է, որ այս հարցում անելիք չունի:
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարությունները «լկտիության նոր բարձունք» է համարել նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Համարում է, որ այդ հայտարարություններում կա նաև ինքնախոստովանական ցուցմունք։
Հանրային գործիչը ֆեյսբուքում գրել է․
«ՌԴ ԱԳՆ տիկինը լկտիությամբ պնդում է, որ «բազմիցս խոսել ենք եւ շեշտել Ադրբեջանի կառուցողական քայլերը իրենց տները լքած բնակչության վերադարձի համար» ու մեղադրում է ՀՀ իշխանություններին, այսինքն իրենք պահել էին Արցախի բնակչության անվտանգությունը, ՀՀ իշխանությունն էլ բռնի դուրս բերեց արցախցիներին ու հիմա էլ չի թողնում վերադառնան։ Սա իրապես ամենավերջին սանձարձակ պահվածքն է` խաղալով հարյուր հազարից ավելի արցախցիների անսփոփ ցավի ու ողբերգության հետ, հատկապես մի երկրի ներկայացուցչի կողմից, որը ստանձնել էր պարտավորություն պաշտպանելու արցախցիների անվտանգությունը»։
Թե որն էր Ռուսաստանի «գործը» Արցախում, որն այդպես էլ չարվեց, թերևս հստակ գրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Թեև այս պահին Ռուսաստանը նախընտրում է խոսել փաստաթղթի միայն 9-րդ կետի մասին՝ հիմնավորելու ճանապարհները վերահսկելու իր հավակնությունները, բայց մինչ այդ կան նաև այլ կետեր, օրերս Ռուսաստանին հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ եռակողմ հայտարարությունը ունի 9 կետ։ Եկեք անդրադառնանք մնացած կետերին․ իսկ որտե՞ղ է հիմա Լաչինի միջանցքը, իսկ որտե՞ղ են հիմա խաղաղապահները, որոնք եռակողմ հայտարարության համաձայն պետք է տեղակայված լինեին ԼՂ-ում, իսկ որտե՞ղ է եռակողմ հայտարարության 7-դ կետը, որտեղ ասվում է՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։ Ինչո՞ւ այդ ամենը, ինչը տեղի չի ունենում։ Էլ չեմ ասում՝ «իրականացվում է ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում»։ Եթե մենք ուզում ենք անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ուրեմն պետք է գնանք սկսենք կարդալ վերնագրից և նախադասություն առ նախադասություն խոսենք դրա իրականացման մասին»։
Արցախցիների՝ Արցախ վերադարձի իրավունքի հարցը հայկական կողմի օրակարգում կարող է լինել, բայց ոչ հիմա՝ ասում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Կարծում է, որ հայերի՝ ԼՂ վերադարձի հարցին պետք է անդրադառնալ այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ իսկապես խաղաղ պայմաններում հարաբերություններ կհաստատվեն։
«Իրատես պետք է լինենք և գնահատենք այն իրավիճակը, որում մենք հիմա կանք։ վերադարձը այսօր արդյո՞ք իրատեսական է, թե՝ ոչ։ Ի վերջո այնտեղ նաև շատ տարբեր գործոններ կան՝ անվտանգություն, որոշակի պայմաններ, որոնք արցախահայերի առջև կդրվեն։ Մենք պետք է շատ իրատես լինենք այդ հարցի լուծման ժամկետների, հնարավորությունների առումով։ Սա է խնդիրը նաև, որ մեզ խանգարում է որևէ հարց լուծել»։
Ամբողջությամբ` hy.armradio.am