Երևանում կոռուպցիոն նոր սխեմա է գործում. քաղաքապետը` շինթույլտվությունների մասին
Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություններ տրամադրելու հարցում չի համագործակցում բրոկերական ընկերությունների հետ, և այն, ինչ վերջին շրջանում կատարվում է, նոր կոռուպցիոն սխեմա է։ Տիգրան Ավինյանի խոսքով, «վերջին շրջանում նոր, հետաքրքիր կոռուպցիա է սկսել զարգանալ, արդեն 3-րդ դեպքի մասին եմ լսում։ Այս կոռուպցիան ավելի շատ կարելի է կոչել միամիտներին այս պրոցեսի մեջ ներքաշելու տարբերակ, որովհետև սա իրականացվում է որոշակի բրոկերական ընկերությունների կողմից»։
Նրա խոսքով՝ որոշ բրոկերական ծառայություններ շինթույլտվութուն ստանալու գործընթացի առնչությամբ կառուցապատողներին ասում են՝ գումարը տվե՛ք, գործը 90%-ով կկազմակերպենք։ Նաև անպայման նշում են, որ կա 10 % հավանականություն, որ չեն կարողանա գործը գլուխ բերել։ Եթե Երևանի քաղաքապետարանն իր ստանդարտ պրոցեսով տալիս է շինթույլտվություն, ստացվում է, որ բրոկերական ընկերությունը խնդիրը լուծեց, իսկ եթե չի տալիս, ստացվում է, որ իրենց նշած 10% հավանականությունն աշխատեց։
Նա հորդորել է կառուցապատողներին միամիտ չլինել. քաղաքապետարանն այդ հարցում բրոքերական ծառայությունների եհտ չի աշխատում և, եթե բրոկերական ընկերությունը, բացի փաստաթղթերի լրացումից, նաև նմանատիպ ծառայություններ է առաջարկում, ուրեմն հույսը կառուցապատողների միամտությունն է։