Հաջորդ տարվա պետական բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.5 տոկոսը

Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.5 տոկոսը:  ԱԺ-ում բյուջետային աջակցության վարկ ներգրավելու վերաբերյալ նախագծի քննարկման շրջանակում կանխատեսումն է հրապարակել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և հավելել, որ պակասուրդի գումարները պետք է ուղղվեն կապիտալ ծախսերի կամ տնտեսության պոտենցիալը երկարաժամկետ մեծացնող միջոցառումների:

2024 թվականի բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 4.6 տոկոսն է, ինչը բարձր է ընդունված պակասուրդի 3 տոկոս մակարդակից: «Սակայն այդ պակասուրդի մակարդակը սահմանել ենք՝ ֆինանսավորելու կարևորագույն ծրագրեր, նաև լուծելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական և բնակարանային խնդիրները»,-նշեց նախարարը: 

Նա ընդգծեց, որ 483 մլրդ դրամ պակասուրդի պայմաններում կառավարությունը 700 մլրդ դրամի կապիտալ ծախսեր է իրականացրել: Այսինքն՝ այդ պակասուրդից ավել գումար ուղղել են երկրի տնտեսության ու անվտանգային ենթակառուցվածքները բարելավելուն: