Մաքենիսում ոռոգելի է դարձել 92 հեկտար հողատարածք

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մաքենիս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող և 2024 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  կառուցվել և շահագործվել  է ոռոգման ջրատար ցանց, ինչի շնորհիվ արդեն ոռոգելի է դարձել 92 հեկտար հողատարածք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Մաքենիսի ոռոգման ջրատար ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 73 միլիոն 363 հազար 363 դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվել է ոռոգման ջրատարի կառուցում՝ 800 մետր երկարությամբ, որից 100 մետրը բետոնապատ ջրանցքի տեսքով, 700 մետրը՝ մետաղական խողովակաշարի։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի աշնանը և ավարտվել 2024 թվականի հուլիսին։ 

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Սպիտակ Բազե» ընկերությունը։ 

Ծրագրի շահառու են հանդիսանում Մաքենի գյուղի 54  տնտեսություններ։

Ընկերության տնօրեն Վարդան Երանոսյանի հավաստմամբ՝  նորակառույց ջրատարն այս ոռոգման շրջանում արդեն ծառայել է բնակչության կարիքներին՝ անկորուստ ու անխափան ջուր մատակարարվելով 92 հեկտար գյուղնշանակության հողատարածքներում։