«Մասսայական ուսուցում» դրամաշնորհային ծրագիրը կդառնա ամենամյա և կընդլայնվի
«Մասսայական ուսուցում» դրամաշնորհային ծրագիրը, որը պիլոտային կարգով իրականացվել է Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում, կդառնա ամենամյա և կընդլայնվի՝ ընդգրկելով Հայաստանի մյուս մարզերը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում, այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը:
Նա ընդգծեց՝ ամփոփելով պիլոտային ծրագրի արդյունքները և ստանալով գոհացնող արդյունքներ՝ անմիջապես որոշեցին, որ այն լինելու է շարունակական:
«Այս տարի առաջին անգամ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ անցկացվեցին «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչով դասընթացները, որոնց մասնակցում էին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի 9 քաղաքներից տեխնոլոգիական կրթությամբ հետաքրքրված ավելի քան 400 մասնակից, ովքեր հնարավորություն ստացան ձեռք բերել բազային գիտելիքներ ՏՏ ոլորտում: Ծրագրի նպատակն է մարզերում իրականացնել տեխնոլոգիական դասընթացներ և բարձրացնել մարզաբնակ երիտասարդների և ընդհանրապես բոլորի տեխնոլոգիական գրագիտությունը, տարբեր ծրագրերի մասին իրազեկվածությունը և նաև որոշակի ազդեցություն ունենալ նրանց մասնագիտական կողմնորոշման վրա»,- ասաց Ենգիբարյանը:
Նա նշեց՝ նախնական գնահատման արդյունքներով երեք մարզերից պետք է լիներ մինչև 300 մասնակից, բայց դասընթացներին մասնակցել է 400-ից ավելի մասնակից:
«Մենք պիլոտային ծրագիրն այս տարի առաջին անգամ անցկացրեցինք հասկանալու համար, թե ի՞նչ կտա այն մասնակիցներին և մեզ: Արդյունքներն ամփոփելով՝ մենք վստահ կարող ենք նշել, որ այն բավականին արդյունավետ է: Մտադիր ենք 2025 թվականին շարունակել և ընդլայնել ծրագիրը`ընդգրկելով մնացած մարզերը:
Անդրադառնալով ծրագրի մասնակիցներին հետագա աջակցություն տրամադրելու մասին հարցին՝ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետն ընդգծեց՝ դասընթացը չի ենթադրում պրոֆեսիոնալ մասնագիտական լուրջ կարողությունների տրամադրում։ Ըստ նրա՝ սա առաջին քայլն է հետաքրքրված երիտասարդների մուտքը տեխնոաշխարհ ապահովելու համար, և նախարարությունը, համագործակցելով բոլոր կողմերի հետ, մշտապես աջակցելու է նրանց, ովքեր շարունակելու են իրենց ուղին ՏՏ ոլորտում:
Դասընթացներն իրականացրել է դրամաշնորհային մրցույթը հաղթած «Armenian Code Academy» ընկերությունը։
«Armenian Code Academy»-ի համահիմնադիր, տնօրեն Նարեկ Ասլիկյանն ընդգծեց, որ ծրագրի առանձնահատկությունն այն էր, որ մասնակիցներից չէին պահանջվում շատ մեծ բազային գիտելիքներ, գիտելիքների նախնական ստուգում ևս չեն իրականացրել, որպեսզի ծրագիրը հնարավորինս բաց և հասանելի լինի բոլոր երիտասարդների համար:
Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի ապրիլին, իսկ դասընթացները՝ հունիսի 16-ից: Ծրագրի արդյունքներն ամփոփվել են 2024թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Առաջիկայում նախատեսվում է ավարտական վկայականների հանձնումը: Ծրագրի բյուջեն կազմում է 30,000,000 ՀՀ դրամ:
Ամբողջությամբ՝ armenpress.am