ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը 2 շաբաթում ավելացել է 202-ով

 

ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը 2 շաբաթում ավելացել է 202-ով։ Հոկտեմբերի 10–ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն էր ստացել 3431 անձ։ ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալներ Ազգային ժողովում ներկայացրել է ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նշենք, որ «Քաղաքացիության համար այս պահին դիմել է շուրջ 5600 անձ, որնցից քաղաքացիություն է շնորհվել 3611–ին։ Այս թիվը աճի միտում ունի` հաշվի առնելով կառավարության կողմից վարվող քաղաքացիությունը»,– ասել է նա և հայտնել, որ ժամանակավոր պաշտպանության վկայական է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 113 հազար 635 անձ, իսկ հաշվառվել են 99 091-ը։

Կառավարության կողմից բնակարանային ապահովման ծրագրի մշակումից հետո դիմելիությունը բարձրացել է՝ օրական միջինը 50-80 դիմում. ծրագրին մասնակցելու համար պետք է ունենալ ՀՀ քաղաքացիություն, հետո արցախցիները պետք է հայտ ներկայացնեն, որից հետո շահառու ընտանիքին պետք է բնակարանի գնման հավաստագիր հատկացվի ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով` 3-5 մլն դրամի չափով` կախված բնակարանի կամ տան գտնվելու տարածքում գույքի շուկայական արժեքից։

Ըստ ՀՀ կառավարության հաստատած ծրագրի` պոտենցիալ շահառուները նախնական հաշվարկով 25 000 ընտանիքներ են։ Վերջնական թիվը պետք է ճշգրտվի ծրագրի իրականացման ընթացքում` ըստ ստացված դիմումների քանակի։