Ալկոհոլի ֆրանսիացի արտադրողները մտահոգված են ԵՄ-ի և Չինաստանի միջև առևտրային կոնֆլիկտով

Գինու արտադրող Կոնյակ քաղաքը, որը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, հայտնվել է Չինաստանի և Եվրամիության միջև առևտրային վեճի կենտրոնում, հայտնում է Euronews-ը։

Պեկինը հայտարարել է հոկտեմբերի կեսերից եվրոպական կոնյակի ներմուծման ժամանակավոր մաքսատուրքերի սահմանման մասին։

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԵՄ երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան և Իտալիան, պաշտպանեցին Եվրահանձնաժողովի որոշումը՝ վերջնական տուրքեր սահմանել չինական էլեկտրամոբիլների վրա։

Կոնյակ արտադրողները մտահոգված են տեղի ունեցող իրադարձություններով և ավելի ու ավելի հաճախ են դժգոհություն հայտնում Ֆրանսիայի կառավարության գործողություններից։

«Մենք դարձել ենք ԵՄ-ի և Չինաստանի միջև էլեկտրական մեքենաների շուրջ վեճի պատանդը, և կոնյակը դրա հետ կապ չունի: Մեզ զոհաբերեցին։ Բայց մենք դեռ կարող ենք փրկել իրավիճակը։ Մենք կոչ ենք անում մեր կառավարությանը լուծում գտնել և մերձենալ Չինաստանի հետ՝ տեսնելու, թե ինչ բանակցություններ կարող են վարվել։ Չինաստանը մեր ամենամեծ շուկան է ըստ արժեքի և երկրորդը ըստ ծավալի», - ասում է Կոնյակի ազգային բյուրոյի (BNIC) ղեկավար Ֆլորենտ Մորիլյոնը:

Ֆրանսիան ավելի շատ կտուժի, քան Եվրամիության մյուս երկրները Պեկինի կողմից մաքսատուրքերի սահմանումից, քանի որ Չինաստան այս տեսակի ալկոհոլային խմիչքների ներմուծման 99%-ը ֆրանսիական ապրանքանիշերից է։ Սա ավելի քան մեկ միլիարդ եվրո եկամուտ է։

Այս տարի վատ եղանակից և վատ բերքից բացի, կոնյակ արտադրողները վախենում են, որ որոշումը կարող է վտանգել իրենց ապագան:

«Չինական սակագները, որոնց պատճառով մենք կկորցնենք մեր մեծությամբ երկրորդ շուկան, աղետալի հետևանքներ կունենան բոլոր խաղողագործների, առևտրականների, ամբողջ արդյունաբերության համար»,- զգուշացնում է Կոնյակի գինեգործների գլխավոր միության նախագահ Էնթոնի Բրյունը։

Չինաստանը նաև «հակադեմփինգային հետաքննություններ» է անցկացնում եվրոպական խոզի մսի և կաթնամթերքի նկատմամբ։