Կառավարությունն ԱԶԲ–ից 89 մլն եվրո վարկ կվերցնի պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար

ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից կներգրավի 89 մլն եվրոյի վարկային միջոցներ` ֆինանսավորելու 2024 թ. պետական բյուջեի պակասուրդը։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Բանկի և ՀՀ-ի միջև վարկային համաձայնագրի ստորագրմանը:

Նշվում է, որ 2024 թ․ պետական բյուջեի պակասուրդը կազմում է 482.9 մլրդ դրամ, որի համար նախատեսվել է շուրջ 450 մլն դոլարի (ավելի քան 407 մլն եվրո կամ 173 մլրդ դրամ,–խմբ.) բյուջետային աջակցության վարկերի ներգրավում:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «այդ պատճառով ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի միջոցներից շուրջ 89,469 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթաց»։
Վարկային միջոցները կբաշխվեն երեք ուղղությունների միջև՝ Հարկաբյուջետային, պետական պարտքի և ֆինանսական ռիսկի կառավարման քաղաքականության բարելավում և ամրապնդում, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ներդրում, Պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, ֆինանսական գործիքների և ներդրողների բազայի ընդլայնում և կորպորատիվ կառավարման ու թափանցիկության բարձրացում։